Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը մայիսի 14-ին Բրյուսելում մասնակցեց Բելգիայի և Լիբանանի համանախագահությամբ Բելգիայի կառավարության կողմից կազմակերպված «Էթնիկ և կրոնական բռնության զոհերը Մերձավոր Արևելքում» խորագրով միջազգային նախարարական խորհրդաժողովին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Խորհրդաժողովին մասնակցում էին բազմաթիվ երկրների արտաքին գործերի նախարարներ և փոխնախարարներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, կրոնական և էթնիկ համայնքների ներկայացուցիչներ, հակաահաբեկչական, մարդասիրական ու մարդու իրավունքների գործակալությունների և կենտրոնների ներկայացուցիչներ։ Բացման խոսքով հանդես եկան Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսը և Լիբանանի արտաքին գործերի և էմիգրացիայի նախարար Ջեբրան Բասսիլը։
Իր ելույթում Աշոտ Հովակիմյանն անդադարձավ Սիրիայում և Իրաքում ԴԱԷՇ և Ալ Նուսրա ահաբեկչական կազմակերպությունների կողմից կրոնական և էթնիկ խմբերի, մասնավորաես, քրիստոնյաների նկատմամբ իրականացված բռնություններին և զանգվածային ջարդերին: Փոխնախարարն ընդգծեց, որ Հայաստանն առաջին երկրների շարքում էր, որոնք դատապարտեցին այդ ահաբեկչական կազմակերպությունների կողմից քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ քրիստոնյաների և այլ կրոնական խմբերի ներկայացուցիչների նկատմամբ իրականացված զանգվածային կոտորածները: Նախարարի տեղակալը տեղեկացրեց նաև, որ Հայաստանի և գործընկերների կողմից ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի շրջանակներում այս թեմայի շուրջ կազմակերպվել են մի շարք բարձր մակարդակի միջազգային միջոցառումներ:
Այս համատեքստում նախարարի տեղակալ Հովակիմյանն առաձնացրեց Իրաքի եզդի համայնքի ներկայացուցիչների զանգվածային ոչնչացման փորձը՝ որպես ահաբեկչության չարիքի տարածման աղաղակող օրինակ: Նա հիշատակեց, որ ընթացիկ տարվա հունվարին Հայաստանի խորհրդարանը պաշտոնապես ճանաչել և խստորեն դատապարտել է եզդիների ցեղասպանությունը ահաբեկչական խմբավորումների կողմից՝ այսպիսով շեշտադրելով Հայաստանի անվերապահ հանձնառությունը ցեղասպանություների և մարդկության դեմ այլ հանցագործությունների կանխարգելման պայքարը շարունակելու գործում:
Նախարարի տեղակալն ընդգծեց, որ վերջին շրջանում ԴԱԷՇ-ը, Ալ Նուսրան և այլ ահաբեկչական խմբավորումները հիմնականում ջախջախվել են, սակայն այդ չարիքի իսպառ վերացման նպատակով անհրաժեշտ է միջազգային հանրության միասնական ջանքերի կրկնապատկումը: Աշոտ Հովակիմյանը նաև նշեց, որ ներկայումս լուրջ խնդիր է Մերձավոր Արևելքից օտարերկրա ահաբեկիչ մարտիկների վերադարձը մեր տարածաշրջան, ինչը կարող է հանգեցնել հակամարտությունների գոտիներում իրավիճակի սրման, քանի որ վերադարձող ահաբեկիչները ներմուծում են իրենց ծայրահեղական գաղափարները և բռնության գործելաոճը՝ նպաստելով հասարակությունների արմատականացմանը:
Աշոտ Հովակիմյանը նշեց, որ բռնության տարածումը Մերձավոր Արևելքում մեծ վնաս է հասցրել տարածաշրջանի հայ համայնքներին, որոնց ներկայացուցիչներից շատերը զոհվել են ահաբեկչական գործողությունների ընթացքում, վնասվել և ոչնչացվել են հայկական բնակավայրեր, եկեղեցիներ, դպրոցներ և մշակութային հաստատություններ: Արդյունքում, Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի դեմ իրականացված ցեղասպանությունից մեկ դար անց հայերը կրկին հարկադրված են լքել իրենց բնակավայրերը:
Ի պատասխան Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի ելույթի՝ Աշոտ Հովակիմյանը հիշատակեց Ադրբեջանի կողմից այլատյացության հողի վրա հայերի նկատմամբ ԴԱԷՇ-ի ոճով կատարված հանցանքների մասին՝ կեղծ և անհիմն որակելով ԼՂ հիմնահարցի կապակցությամբ Ադրբեջանի ԱԳ նախարարի կողմից հնչեցված մոտեցումները: Նա նշեց նաև, որ խստորեն դատապարտելի են Ադրբեջանի իշխանություննների կողմից բարձրագույն պետական մակարդակով իրականացվող՝ ատելության հողի վրա հանցանքների արդարացման և ոճրագործների հերոսացման քաղաքականությունը, բռնությունների և ահաբեկչության հովանավորությունը պետության կողմից և պետական մակարդակով ռազմատենչ հռետորաբանությունը:
Խորհրդաժողովի շրջանակներում փոխնախարար Հովակիմյանը շփումներ և քննարկումներ ունեցավ մի շարք երկրների ԱԳ նախարարների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ: