Նոր կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որպես Կառավարության կազմի գործունեության թիվ մեկ խնդիր, մատնանշել է կոռուպցիայի դեմ պայքարը։

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանն, անդրադառնալով վարչապետի այս պահանջին, նշեց, որ  հասարակությունն ինչպես համախմբվեց իշխանափոխության պահանջի շուրջ, նույն կերպ էլ պետք է համախմբվի կոռուպցիայի դեմ պայքարի շուրջ․ «Եթե ուզում ես համակարգային կոռուպցիան դուրս գա, տնտեսական քաղաքական սերտաճմանը, մենաշնորհացմանը պետք է վերջ տրվի, դրա համար օրենսդրական փոփոխություններ են պետք, արտահերթ ընտրություններ են պետք»,-ասաց նա:Image result for վարուժան հոկտանյան

 

Ըստ Հոկտանյանի՝ արտահերթ ընտրությունները որքան շուտ անցկացվեն, այնքան լավ, իսկ ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, ապա այն միջազգային հարթակում կարևոր է հատկապես օտարերկրյա ներդրումների համար․ «Թրամփի՝ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում առաջին մաղթանքը հենց դա էր՝ իրականացնել կոռուպցիայի դեմ հաջող պայքար: Սա իսկապես լինել-չլինելու հարց է դառնում. եթե մենք ուզում ենք դառնալ նորմալ պետություն, պետք է պայքար տարվի կոռուպցիայի դեմ»,-ասաց նա:

Խոսելով նոր կառավարության առաջ ծառացած խնդիրների մասին՝ Հոկտանյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է սկզբունքային և կոշտ պայքար մղի, քանի որ միայն տնտեսական մոդելի փոփոխությունը բավարար չէ:

«Առնետավազքի փայլուն ավանդույթներ կան և պետք է անել այնպես, որ հանկարծ խոշոր տնտեսվարողները, օլիգարխները չդառնան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ»,-նշեց նա։

Անդրադառնալով կոռուպցիայի դեմ «Հանրապետական» կուսակցության իրականացրած քայլերին, Հոկտանյանն ընդգծեց, որ նրանք թղթի վրա իրականացնում էին լավ փոփոխություններ, ընդունում էին լավ օրենքներ, բայց գործնականում մանր ձկներ էին բռնում, ինչը չբերեց համակարգային փոփոխությունների։

Աղավնի Սուքիասյան