Այսօր՝ մայիսի 17-ին, Գ․Վ․ Պլեխանովի անվան ռուսաստանյան տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղում տեղի ունեցավ Շուշիի ազատագրման 26-ամյակին նվիրված միջոցառումը։ Առաջին անգամ չէ, որ համալսարանում կազմակերպվում են ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված միջոցառում: Այս անգամ հյուրերն էին Արցախյան ազատամարտի մասնակիցներ` գնդապետ Աիդա Սերոբյանը և ավագ ենթասպա Զինաիդա Գրիգորյանը: Համալսարանի տնօրեն՝ պ.գ.թ. Թամարա Վարդանյանն իր բացման խոսքում նշեց, որ անհնար է առանց հուզմունքի ու հպարտության խոսել մեր ազատամարտիկների սխրագործությունների մասին և հատկապես կանանց, ովքեր քաջարի հայորդիների հետ ուս-ուսի տված՝ պայքարել են հանուն հայրենիքի:

 

Միջոցառումն ուղեկցվեց ռազմի դաշտում տեղ գտած առանձին ուշագրավ պատմությունների վերհիշմամբ` դրանց անմիջական մասնակիցների` Աիդա Սերոբյանի ու Զինաիդա Գրիգորյանի ներկայացմամբ: Մեր թղթակցի հետ զրույցում Զինաիդա Գրիգորյանը նշեց, որ նմանատիպ միջոցառումները ցույց են տալիս, որ իրենց ներդրումը գնահատվում և արժևորվում է մատաղ սերնդի կողմից: Իսկ Աիդա Գրիգորյան ավելացրեց. «Երիտասարդների ոգևորությունից մենք էլ ենք ոգևորվում. հաճելի է, երբ նրանց հետաքրքում է իրենց պատմությունը, և այն ավելի է արմատանում, երբ լսում են անմիջապես պատերազմի մասնակցի շուրթերից»:

ԼՈւՐԵՐ.com-ի հարցին՝ ո՞րն է նմանատիպ միջոցառման կազմակերպման նպատակը, համալսարանի տնօրեն Թամարա Վարդանյանը պատասխանեց. «Ես անձամբ, որպես պատմաբան և ավելի քան 500 ուսանող ունեցող բուհի ղեկավար, անչափ կարևորում եմ նրանց կենդանի շփումը սխրագործություն կատարած հերոսների հետ: Ղարաբաղյան պատերազմի ոգին պետք է փոխանցվի սերունդներին, վերաիմաստավորվի ու մխրճվի նրանց հիշողության մեջ որպես պատգամ»: