ՊԵԿ նախկին ղեկավար Վարդան Հարությունյանը պաշտոնը թողնելուց առաջ տեռորի է ենթարկել «Փեթակ» առևտրի կենտրոնի առևտրականներին։ 

Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում պատմեցին տոնավաճառի աշխատակիցները՝ նշելով, որ Վարդան Հարությունյանի՝ իրենց դեմ լարած թակարդից հետո իրենք հայտնվել են ֆինասնական շատ ծանր դրության մեջ և ենթարկվել են վարչական տույժերի։ 

 

«Տոնավաճառ էին այցելել ինչ-որ մարդիկ, որոնք, հետո պարզվեց՝ հարկայինի ծպտյալ աշխատողներ են եղել, կատարեցին բազմաթիվ գնումներ, գնեցին միանգամից շատ իրեր և ստացվել էր այնպես, որ մեկ-երկու ՀԴՄ կտրոն սխալմամբ չէինք տպել։ Դա հատուկ մշակված ծրագիր էր մեր դեմ, քանի որ այդքան բազմատեսակ գնումներից հետո հնարավոր է, որ մեկ ՀԴՄ էլ՝ սխալմամբ չտանք։ Նույն գործելաոճով շրջել են բոլոր տաղավարներում և տուգանել տասնյակ վաճառականների։ Տուգանքների չափը կազմում է 150 հազար դրամը, որին ավելացել է նաև 25000 դրամ վարչական տուգանքը»,-ասաց մեզ հետ զրուցող քաղաքացին։ 

Մեր զրուցակիցը նշեց, որ տոնավաճառի տուգանված վաճառականները պատրաստվում են դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ստեղծված իրավիճակի համար խելամիտ ելք գտնելու համար և տեղեկացրեց, որ հարկայինի պարտադրած 150 հազարական դրամներն ու վարչական տուգանքները վճարելու համար իրենք, այլ ելք չունենալով, պետք է դիմեն բանկերին՝ վարկեր վերցնելու համար։