Ազգային անվտանգության ծառայությունը մայիսի 30-ին մանրամասներ է հաղորդել այն մասին, թե ինչպես է ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Հոլդինգ» ընկերությունը օրենքին հակասող զանազան հնարքների միջոցով թաքցրել 40 միլիարդ դրամի շրջանառությունից առաջացող 20 տոկոս ԱԱՀ և շահութահարկը, վճարելով ընդամենը 2 տոկոս շրջանառության հարկ: ԱԱԾ-ն հայտարարել է նաև, որ ՊԵԿ-ի նախկին ղեկավարությունը այդօրինակ ստվերային համաձայնությունների մեջ է եղել ոչ միայն «Ալեքս Գրիգ»-ի, այլ նաև 11 այլ խոշոր առևտրային ցանցերի հետ: Ստացվում է, որ ինչպես և «Նորֆոլկ»-ի գործում այստեղ կրկին ամենաբարձր մակարդակով առկա է եղել ՊԵԿ միջամտությունն ու հովանավորչությունը:
 
Ուշագրավ է, որ ԱԱԾ նոր բացահայտումների ֆոնին մամուլում հրապարակումներ եղան, որոնք կարծես թե նպատակ էին հետապնդում կոռուպցիոն սխեմաների «կնքահայր» դարձնել ՊԵԿ նախկին նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին: Պետք է առնվազն միամիտ լինել մտածելու համար, որ Միրումյանն անգամ մեծագույն ցանկության դեպքում կարող էր միայնակ, ասել է թե ՝ առանց վերադաս ղեկավարության հետ համաձայնեցնելու նման մեքենայությունների դիմեր: Չնայած, եթե ընդունենք ի գիտություն այն փաստը, որ ՊԵԿ ողջ նախկին ղեկավարությունը պարզապես թաթախված էր կոռուպցիայի և նմանատիպ երևույթների հովանավորության մեջ՝ Միրումյանը անկասկած «սուրբ» չէ: Իսկ յուրաքանչյուրի մեղավորության աստիճանը պարզելը արդեն իսկ համապատասխան մարմինների լիազորությունների շրջանակում է:
 
Ազգային անվտանգության ծառայությունը «Նորֆոլկ» ընկերությունում կատարած բացահայտումների գործով ցանկացել է հարցաքննել Պետական եկամուտների կոմիտեի այլևս նախկին նախագահ Վարդան Հարությունյանին, ով, ըստ էության, այդ ընկերության սեփականատերն է: Սակայն պարզվել է, որ Հարությունյանը Իսպանիայում է և իր բացակայությունը պատճառաբանել է առողջական խնդիրներով՝ խոստանալով, որ դրանք կարգավորելուց հետո կվերադառնա: Շուտով կարող է պարզվել, որ Հայաստանի նախկին պաշտոնյաների մի զգալի մասը տառապում է բազմաթիվ հիվանդություններով, և թավշյա հեղափոխությունից հետո հայտնվել է արտասահմանում՝ ոչ թե քննությունից թաքնվելու, այլ բուժվելու համար:ԱԱԾ նոր բացահայտումները սակայն օրակարգային են դարձնում ՊԵԿ նախկին նախագահի հարցաքննությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդիրը պետք է լինի ուսումնասիրել վերջին մեկ ամսում կատարված բոլոր մեծ ֆինանսական գործարքները, որովհետև հեռացող իշխանությունը կարող էր գայթակղություն ունենալ օգտագործելու վերջին հնարավորությունը:
 
 
Ստելլա Խաչատրյան