«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը գրում է.

Քանի որ «ազգ-բանակ» հայերեն տերմինը հորինել ու շրջանառության մեջ ես եմ դրել՝ տակավին 2003 թվականին, ստիպված եմ համառոտաբար անդրադառնալ երեկ ՀՀ Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանի արած հայտարարությանը։ Նա հանդես է եկել ազգ-բանակ «կոնցեպտի» դեմ, հասկանալով այն այսպես. «Ես միշտ շատ վատ եմ վերաբերվել ազգ-բանակ կոնցեպտին: Ես համոզված եմ, որ մեր հասարակությունը շատ գիտակից է: Նրան անհրաժեշտ չէ առավոտից երեկո սովորոցնել ազգ սիրել, որովհետև ազգ-բանակ կոնցեպտ առաջակողների հիմնական թեզն այն է եղել, որ էս քաղաքացիները չեն սիրում էս հայրենիքը, պետք է իրենց սովորեցնել: Ես համոզված եմ, որ էս հասարակությունը սիրում է [հայրենիքը]»։

 

Պետք է պարզապես հիշեցնեմ, որ ազգ-բանակը միջազգայնորեն հայտնի ռազմաքաղաքական հասկացություն է (nation-in-arms), հասարակության և բանակի փոխհարաբերությունների կազմակերպման մի մոդել, որը պատմականորեն որդեգրել են հատկապես այն պետությունները, որոնք իրենց հավանական թշնամիներին զիջել են մարդուժով կամ այլ ռեսուրսներով։ Այդ մոդելը շատ արդյունավետորեն կիրառել են մանավանդ Շվեյցարիան, այնուհետև Իսրայելը՝ յուրաքանչյուրն իր առանձնահատկություններով։ Ազգ-բանակը նախատեսում է բանակի պահեստուժում (ռեզերվում) 18-ից մինչև 55 տարեկան բոլոր տղամարդկանց գործուն ներգրավվածություն: Հասկանալի է, որ Հայաստանը, որի բուն գոյությանը սպառնում են միանգամից երկու էքզիստենցիալ թշնամի՝ Ադրբեջանն ու Թուրքիան, այլ ճանապարհ չունի, քան իր ռազմական քաղաքականությունը նույնպես ազգ-բանակ մոդելի սկզբունքով կառուցելը։

Վիգեն Սարգսյանի պաշտպանության նախարար եղած ժամանակ «ազգ-բանակ» անվամբ պետականորեն հռչակվեց նոր ռազմական քաղաքականություն և իրականացվեցին մի քանի հիմնականում հաջողված ծրագրեր, սակայն առարկայական կամ ոչ-առարկայական պատճառներով այդ քաղաքականությունը չկենտրոնացավ «ազգ-բանակ» մոդելի ամենակարևոր բաղադրիչի՝ բանակի արդյունավետ պահեստուժի ստեղծման վրա։ Այդ իսկ պատճառով էլ հայկական ազգ-բանակ իրական մոդելի կառուցումը դեռևս ապագայի խնդիր է։ Ազգ-բանակը Հայաստանի ազգային անվտանգության համար կենսական անհրաժեշտություն է։

Իսկ 2003 թվականին ազգ-բանակի մասին գրել եմ, մասնավորապես, հետևյալը.

«ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐ՝ ՀՀ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ
...Հայաստանի առջև կանգնած խնդիրների լուծումը պահանջում է հիմնովին փոխել հայկական բանակի կառուցման ընտրած մոդելը: Հայաստանի պաշտպանական քաղաքականությունը պետք է կառուցվի հետևյալ հիմնադրույթների վրա.
1) Պատերազմից խուսափելու գլխավոր միջոցը հայոց զինուժն է:
2) Թուրքիան և Ադրբեջանը ունեն թվային գերակշռություն և տարածքային մեծ առավելություն:
3) Հայաստանի ժողովրդագրությունն ու տնտեսությունն առայժմ ի վիճակի չեն մեծացնել մշտական բանակի թիվը, սակայն չպետք է նաև մարդուժի զգալի նվազում թույլ տան:
4) Հայոց զինված ուժերի հարաբերական փոքրաթիվությունը պետք է փոխհատուցվի առաջնակարգ ներքին կարգապահությամբ և կազմակերպվածությամբ: 
5) Հայաստանի հասարակության և բանակի փոխհարաբերությունները պետք է կազմակերպվեն շվեյցարական՝ «ազգ-բանակ» (nation in arms) մոդելի հայկական տարբերակով, որն իհարկե պետք է մանրամասնորեն մշակվի և համապատասխանեցվի հայկական իրականությանը (ինչպես այդ մոդելը՝ բազմաթիվ փոփոխություններով և լրամշակումներով, հաջողությամբ կիրառվել է Իսրայելում): Այդ մոդելը նախատեսում է բանակի պահեստուժում (ռեզերվում) 18-ից մինչև 55 տարեկան բոլոր տղամարդկանց գործուն ներգրավվածություն: Սա նշանակում է, որ և՛ մեծահարուստը, և՛ չունևորը պարտավոր կլինեն յուրաքանչյուր տարվա մեջ առնվազն երկու-երեք շաբաթ անցկացնել բանակում՝ ծառայելով հավասար հիմքերի վրա ու լիակատար հավասարապաշտության պայմաններում: 
Հայկական բանակը պետք է լինի ոչ թե սովորական կանոնավոր բանակ, այլ, առավելաբար, պահեստուժի բանակ: Կարևոր են պահեստուժի՝ ա) մեծությունը, բ) արագ զորահավաքը (մոտավորապես 24 ժամում), գ) արդյունավետ ներգրավումը մարտական գործողությունների մեջ՝ առանց հետզորահավաքային մարզումների վրա լրացուցիչ ժամանակ ծախսելու: 
Հինգ պատերազմներում հաղթանակած Իսրայելի պաշտպանական ուժերը (ԻՊՈւ) շուրջ 80 տոկոսով բաղկացած են պահեստուժից: ԻՊՈւ-ի մոդելը մանրազնին ուսումնասիրած ԱՄՆ-ի բանակի գնդապետ, պատմագիտության դոկտոր Չառլզ Հելլերը նշում է.

 

«Իսրայելի Պաշտպանական Ուժերի քաղաքացի-զինվորները «պահեստուժ» չեն բառիս բուն իմաստով, այլ միացյալ ընդհանուր ուժի կառուցվածքի մաս: Այս միակցվածության շնորհիվ էլ՝ Մշտական ծառայության (Քևայի) սպաներն ու կրտսեր սպաները հրաշալի ճանաչում են իրենց պահեստային ուժերը (Միլուիմը), քանի որ նրանք հասկանում են, որ ԻՊՈւ-ն պահեստուժի բանակ է: ԻՊՈւ-ի պահեստուժի զինվորին կարող է հատկացնեն կամ չհատկացնեն առկա նորագույն սպառազինություն: Սակայն անկախ դրանից, Միլուիմի շատ ստորաբաժանումներ մարտի մեջ են մտնում Քևայի ստորաբաժանումների հետ կողք կողքի։
....Պետք է մշակել նաև կանանց կամավոր ծառայության առավել ընդունելի, արդյունավետ ձևեր
....
ՀԱՎԱՍԱՐԱՊԱՇՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ

«Ազգ-բանակ» ռազմական մոդելի հաջող գործունեությունը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ Հայաստանում ստեղծվի հասարակական համերաշխության մթնոլորտ: Դա էլ իր հերթին պահանջում է, որ Հայաստանի զարգացման հիմքում ընկնի սոցիալական արդարության գաղափարը: 
Ցավոք, Հայաստանը դարձել է զանգվածային աղքատության ու փոքրաթիվ մեծահարուստների երկիր:
…Այսօր Հայաստանի բնակչության մարդկային ռեսուրսներն այն աստիճան սակավ են նրա վերջնական ջախջախումը երազող ադրբեջանա-թուրքական դաշնության համեմատ, որ դասակարգային սուր առճակատումը մեզանում անթույլատրելի է: Սակայն այդպիսի առճակատումն արդեն իսկ իրականություն է. զանգվածների բողոքն առայժմ արտահայտվում է հիմնականում արտագաղթի և պետության շահերի նկատմամբ ծայրահեղ անտարբերության միջոցով: Ուստի պետք է ամենալուրջ ծրագրերը մշակել հասարակության եկամուտների բևեռացումը կտրուկ նվազեցնելու համար, այլապես հասարակական համերաշխության մասին խոսելն ավելորդ կլինի:
Հայաստանի աշխարհաքաղաքական բարդագույն դիրքն ուղղակի պարտադրում է մեր հասարակությանը յուրացնել ոչ թե «ջունգլիների» կամ, այսպես կոչված, «վայրի կապիտալիզմի» բարոյական նորմերը (որոնք, ի դեպ, վաղուց մերժվել են քաղաքակիրթ Արևմուտքում), այլ որդեգրել ընդգծված հավասարապաշտական (էգալիտարիստական) էթիկա: Սա ամենևին չի նշանակում, թե պետք է ոչնչացնել մասնավոր սեփականությունը և դարձյալ փորձել ենթարկել բոլորի եկամուտներն ու աշխատավարձերն անհեթեթ հավասարեցման: Խոսքը վերաբերում է օրենքի գերակայության հաստատմանն ու հասարակության բարոյականությանը:

Որո՞նք են հասարակական գործունեության այն ոլորտները, որտեղ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է զգա իրեն մյուսների հետ հավասար: Իհարկե, նախ և առաջ, Հայաստանում չպետք է լինեն մարդիկ ու, առավել ևս, նորահայտ «կաստաներ», որոնք օրենքը որևէ ձևով շրջանցելու հնարավորություն ունենան: Երկրորդ՝ կրթությունը, այդ թվում՝ բարձրագույնը, պետք է մատչելի լինի Հայաստանի յուրաքանչյուր ունակ երիտասարդի համար: Վերջապես, կա մի առանձնահատուկ բնագավառ, որտեղ բոլորը պետք է ամեն ինչում հավասար լինեն: Խոսքը հայրենիքի պաշտպանության, Հայոց բանակում ծառայության մասին է: Հայոց բանակը հայրենասիրական-քաղաքացիական դաստիարակության ու մեր ազգակերտման հիմնական դարբնոցներից է: Հայոց բանակում սոցիալական արդարության սկզբունքը պետք է իրականացվի խստագույնս, որպեսզի և՛ հարուստի, և՛ չունևորի, և՛ պաշտոնյայի, և՛ ոչ պաշտոնյայի զավակները դառնան Հայաստանի պատասխանատու քաղաքացիներ և, անկախ սոցիալական կամ այլ տարբերություններից, զգան իրենց նույն երկրի, նույն պատմության և ճակատագրի մասնիկ» 
(առավել մանրամասն տե՛ս Արմեն Այվազյան. Հիմնատարրեր` Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի։ Երևան, 2004, 2-րդ հրատ., էջ 128-133):