Թեև Հովիկ Աբրահամյանի պաշտոնական հրաժարականից չափազանց կարճ ժամանակ է անցել, բայց դրանով ու ոչ միայն այդ հանգամանքով պայմանավորված՝ Հայաստանի ներքաղաքական դաշտում արդեն իսկ սկսել են բուռն անցուդարձեր ու տեկտոնական տեղաշարժերի նախանշաններ նկատվել, որ խոստանում են իսկական անակնկալ դառնալ վաղուց գաղջի մեջ քայքայվող, գրեթե գոլորշիացած ու անհամացած հայաստանյան ներքաղաքական դաշտում:

 

Ասում են՝ Աբրահամյանի հրաժարականով պայմանավորված՝ խիստ խուճապային տրամադրություններ են տիրում, մասնավորապես, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում, որն, ինչպես հայտնի է, գտնվում էր Հովիկ Աբրահամյանի կուռացիայի ներքո այն օրվանից, երբ Գագիկ Ծառուկյանը որոշում կայացրեց հեռանալ մեծ քաղաքականությունից:


Ու հիմա ճարները հատած՝ ԲՀԿ տարածքային կառույցները հապճեպ նիստեր են գումարում ու նախկին ղեկավարին ուղղված խնդրագրեր են գրում՝ գալ ու իրենց տիրություն անել…

 

Այն, որ հատկապես վերջին շրջանում հայաստանյան ներքաղաքական դաշտը վերածվել է իսկական կրկեսի, ուր ամեն մեկն իրեն հատկացված դերն է խաղում՝ ծառայելով մեկ կենտրոնի շահերին, նորություն չէ: Այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ անգամ թունդ ընդդիմադիր ձևացող գործիչը, որ առավոտից երեկո զբաղված է բացառապես իշխանություններին հայհոյելով ու անտեղի ճղճղալով, չունի որևիցե վստահություն հասարակության շրջանում ու բացի, ասենք, մի քանի հարյուր հոգուց բաղկացած ցույց հրավիրելուց՝ այլ բանի ո՛չ բարոյապես, ո՛չ էլ ֆիզիկապես ընդունակ չէ:

 

Ասել կուզի, չկա որևիցե քաղաքական ուժ, ով ներկայումս կարողանա հանրությանը ներկայացնել մի գործչի, ով աներկբա հեղինակություն կվայելեր ժողովրդի շրջանում, ով չէր լինի վարկաբեկված ու հասարակության հետ «կամուրջներն այրած» մեկը: Ու հիմա ԲՀԿ-ն, հասկանալով իր համար կործանարար դարձած այս հրաժարականի հնարավոր հետևանքները, հասկանալով, որ իջել է այն մակարդակի, երբ առանց վարչապետական փողերի ոչինչ է, երևում է՝ որոշել է «ապաշխարել» ու վերագտնել սեփական կոչումը քաղաքական դաշտում:

 

Իսկ այն, որ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն առավել քան պահանջարկված է նախևառաջ հասարակության կողմից, ինչ խոսք, անքննարկելի ճշմարտություն է: Վարկաբեկվածների ու ծախու արարածների ֆոնին Ծառուկյանի վերադարձն իսկական ֆուռոր է առաջացնելու քաղաքական ասպարեզում, նոր շունչ հաղորդելով վաղուց կիսամեռ այս դաշտին, ժողովրդին հույս ներշնչելով սեփական ապագայի նկատմամբ. որքան ցավալի էր Ծառուկյանի հեռանալը, կրկնապատիկ անգամ ցնծալի կլինի նրա վերադարձը, որին, անշուշտ, ժողովուրդը շատ երկար է սպասել:


Որ Գագիկ Ծառուկյանը յուր անցած ուղիով ու կատարած գործերով է ապացուցել, որ իր վրա, իրապես, կարելի է հենվել ու հույս դնել, կարող է վկայել ցանկացած քաղաքացի. Ծառուկյանը մեկն է, ով երբեք չի կեղծում, երբեք սուտ չի ժպտում ու բացառապես քաղաքական արարողակարգից ելնելով ժպիտներ չի շռայլում:


Նա տերն է իր խոսքի, տերն է իր գործի՝ պատրաստ մինչև վերջ կանգնելու հանուն իր դավանած գաղափարների ու սկզբունքների, բաներ, որոնք այնքան օտար են մեր իրականությանը, բաներ, որոնք, ցավոք, իշխանույուններն ամեն կերպ արժեզրկել են՝ ամեն բան հանգեցնելով փողին, խրախուսելով անսկզբունքայնությունն ու միմոսությունը:

 

Անեկբա է՝ հայաստանյան հասարակությունը, որ բազմիցս է ստիպված եղել խաբվել ու դառնալ մանրադրամ այս կամ այն քաղաքական գործիչների ու իշխանությունների միջև հարաբերություններում, վաղուց է սպասում մեկին, ով նախևառաջ հանդես կգա որպես ժողովրդի շահերի արտահայտիչը Հայաստանում, որպես մեկն, ով կարող է, ում թափն, ինչպես ասում են, կբավարարի՝ բարձրաձայնելու վաղուց կուտակված այն խնդիրները, որոնք խեղդում են ժողովրդին ներսից՝ պատճառ դառնալով արտագաղթի ու տոտալ հիասթափության. Ծառուկյանն այս առումով ուղղակի անփոխարինելի կարող է լինել…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ