Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն՝ բավականին սպասված է: Այս կարծիքին է «Համերաշխություն» կուսակցության ղեկավար Սարգիս Ավետիսյանը:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում պարոն Ավետիսյանը կարծիք հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանն իր կերպարով վերկուսակցական անձնավորություն և քաղաքական գործիչ է, նրա վերադարձն օգուտ է մեր երկրին և նպաստում է մեր պետականության կայացման գործընթացին.
«Ես կարծում եմ, որ նա պետք է վերադառնա ոչ որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, այլ որպես Գագիկ Ծառուկյան, ով ի վիճակի է բոլորին համախմբել և միասնական ու համերաշխ գնալ դեպի ընտրություններ»,-ասաց նա:
Սարգիս Ավետիսյանի խոսքով՝ Գագիկ Ծառուկյանն արդեն ապացուցել է, որ ինքը, որպես գործարար՝ եթե ոչ լավագույնը, ապա լավագույններից մեկն է: Քաղաքական դաշտում ևս նրա կարողությունները քիչ չեն. նա կարող է հավաքել մի այնպիսի թիմ, ուժերի միասնություն, որը լուրջ փոփոխություն կարող է մտցնել քաղաքական դաշտում:
«Եթե Ծառուկյանը չմտնի քաղաքական դաշտ և նոր պայքար չսկսի, ուրեմն կունենաք նույն Հայաստանն, ինչ ունենք. որևէ փոփոխություն չի կատարվի»,- նկատում է կուսակցության ղեկավարը:
Մեր այն հարցին, թե ինքն ինչ քաղաքական ապագա է կանխատեսում Գագիկ Ծառուկյանի համար, Սարգիս Ավետիսյանը պատասխանեց, որ ինքը Ծառուկյանին տեսնում է միայն ընդդիմադիր դաշտում և որպես առաջնորդ ընդդիմադիր այն զանգվածին, որը չի միավորվում մնացյալի հետ և այդ դաշտում կարող է ունենալ լուրջ դերակատարում և՛ իր ռեսուրսների, և՛ մարդկային հատկանիշների շնորհիվ: