Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը մտավախություն չունի իր անվան հետ կապվող օֆշորային սկանդալի վերաբերյալ գործի հնարավոր վերաբացումից: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով դիտարկմանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել իր անվան հետ կապվող օֆշորային սկանդալի գործի վերաբացումը, Պողոսյանն ընդգծեց, որ որևէ մտավախություն չունի: «Ինչ-որ կարող էր բացահայտվել, վաղուց բացահայտվել է: Ես ավելացնելու բան չունեմ այդ հարցով»,- նշեց Պողոսյանը:
 
Հարցին՝ գործի վերաբացման և հնարավոր նոր բացահայտումների դեպքում չի՞ վախենում ճաղերի հետևում հայտնվելուց, պատգամավորը պատասխանեց. «Ես որևէ բանից չեմ վախենում, որովհետև ապրել եմ, ինչպես համարել եմ ճիշտ, ապրել եմ իմ խղճի և իմ դաստիարակությանը համապատասխան: Ինչ վերաբերում է ձեր բարձրացրած հարցին, ես ինքս հանգամանորեն բազմիցս պատասխանել եմ այդ հարցին: Երբ չկա ինչ-որ բան, որից դու մտահոգված ես, երբ չկա ինչ-որ բան, որ ժամանակին ծածկված է եղել, ապա մտածելու շատ բան չկա: Մենք դրա մասին խոսել ենք, ես դրա մասին ասել եմ այն, ինչ եղել է: Եվ շատ ուրախ կլինեմ, որ վերաբացվի գործը, որ մեր հասարակությունը համոզվի, որ ժամանակին իմ ասածը եղել է ճշմարտություն»,- ասաց նա:
 
Միհրան Պողոսյանն ընդգծեց, որ իրավապահ մարմինները բացահայտել են այդ գործի բոլոր անկյունները:
 
2016թ. ապրիլին Mossack Fonseca իրավաբանական ընկերության փաստաթղթերի արտահոսքի հետևանքով բացահայտվեցին օֆշորային ընկերությունների վերաբերյալ ավելի քան 11․5 միլիոն փաստաթղթեր: Այդ փաստաթղթերում արծարծվում էին 12 երկրի ղեկավարների՝ այդ թվում Ռուսաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի նախագահների, Վրաստանի նախկին վարչապետ Իվանիշվիլիի, մոտ երեք տասնյակ միլիարդատերերի, բեմական աստղերի, մարզիկների, գիտնականների անուններ: Հայաստանից օֆշորային սկանդալի կիզակետում հայտնվեց Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության այժմ նախկին պետ Միհրան Պողոսյանը: Մեկ ամիս անց՝ մայիսին, ՀՔԾ-ում գործ հարուցվեց Քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի հատկանիշներով` «ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը», այսինքն՝ պաշտոնատար անձի կողմից, օրենքով սահմանված արգելքին հակառակ: 2017թ. հունվարի 24-ին այդ քրեական գործով վարույթը կարճվել է: