Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը դեռևս ներգրավված չէ ԸՕ-ի փոփոխությունները նախաձեռնող խմբում, պատգամավորը ծանոթ չէ՝ այս պահին ինչ  է կատարվում, միայն գիտի, որ այն իրականացնում է Դանիել Իոաննիսյանը և վստահ է, երբ կլինի նախաձեռնող խմբի կողմից իր հետ հանդիպման առաջարկ, այն ժամանակ էլ առավել առարկայական կխոսեն ԸՕ-ում փոփոխությունների մասին։

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մարուքյանը։

 

Ինչ վերաբերում է ԸՕ-ում փոփոխություններին, ապա Մարուքյանը նկատեց, որ խոսքը վերաբերում է ռեյտինգային համարարգի վերացմանը,  ընտրացուցակների մաքրմանը, սրանցից բացի՝ պետք է վերանայվեն կուսակցությունների մասին օրենսգիրքը և ֆինանսավորման խնդիրները։

Ըստ պատգամավորի՝ գործարարները բացի պետությունից, պետք է կարողանան աջակցել այն կուսակցությանը, որի գաղափարները նրանք կիսում են և սա կբերի քաղաքական համակարգի կայունացման։

Խոսելով արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների մասին՝ Մարուքյանը նշեց, որ պետք է ունենալ մեխանիզմ այս գործող խորհրդարանը ցրելու, որից հետո նոր կարող են անցկացնել արտահերթ ընտրություների։ 

«Մեզ պետք է լայն կոնսոլիդացիա և կոնսենսուս, սակայն քաղաքական ուժերի հետ դեռևս քննարկումներ չեն սկսվել»։