Երեկ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում Վերահսկիչ պալատի 2018-ի գործունեության ծրագիրը չհաստատվեց: Վերահսկիչ պալատի փոխնախագահ Արա Նռանյանը ներկայացրեց ՀՀ վերահսկիչ պալատի 2018 թվականի գործունեության տարեկան ծրագիրը, և հանձնաժողովի 6 անդամները՝ հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Գագիկ Մինասյանի գլխավորությամբ, դեմ քվեարկեցին ծրագրին: Կողմ է քվեարկել միայն ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը: Խնդիրն այն էր, որ Սահմանադրության փոփոխության համաձայն` ՎՊ-ն հաջորդ տարվա ապրիլից դառնալու է Հաշվեքննիչ պալատ: «Դուք չեք կարող վերահսկողական ֆունկցիա կատարել 2018-ի ապրիլից հետո»,- նշել է Գագիկ Մինասյանը: Դժվար չէ կռահել, որ եթե ՎՊ-ի նիստը գլխավորեր նախագահ Յոլյանը, ՀՀԿ-ն այլ վարքագիծ կորդեգրեր: Հանրապետականները պարզապես օգտագործել են առիթը, կոալիցիոն գործընկերոջն իր տեղը ցույց տալու համար, ինչպես նաև ակնարկել են՝ Պալատի լիազորությունների ընդլայնումից հետո կառույցը չի վստահվի Դաշնակցությանը: Իսկ ինչո՞ւ է կոալիցիոն գործընկերների միջև նման քաղաքական գզվռտոց սկսվել:
Հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել ՀՅԴ բյուրոյի և ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի հերթական համատեղ ընդլայնված նիստը, որի արդյունքով ՀՅԴ բյուրոն հրապարակել է կուսակցության որոշումը: Փաստացի, ՀՅԴ-ն բավական բաց տեքստով դժգոհություն է արտահայտում կառավարության գործունեությունից եւ իրեն սահմանազատում պատասխանատվությունից, թեեւ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համաձայնագրում հատուկ կետով նշված է, որ կողմերն ամբողջական պատասխանատվություն են կրում կառավարության գործունեության համար: Ներիշխանական ներկայիս զարգացումները մոտենում են, թեկուզ միջանկյալ, հանգուցալուծման փուլին, եւ ՀՅԴ-ն մտնում է խաղի մեջ՝ նոր իշխանությունից դուրս չմնալու համար: Կոալիցիոն ՀՅԴ-ն Սերժ Սարգսյանի համար պահանջարկված է ներհամակարգային հակադրության ռեժիմում` Կարեն Կարապետյանին հակակշռելու, վարչապետի հավակնությունները զսպելու տեսանկյունից, և եթե 2018-ին ընդառաջ տեղի ունենա Կարապետյան-Սարգսյան մեծ համաձայնությունը, ապա ՀՅԴ կոալիցիոն արժեքը կդառնա զրո: Դա, իհարկե, շատ լավ հասկանում են նաև ՀՅԴ-ում, և փորձում են նաև տողատակերով արտահայտել իրենց դժգոհությունը և մտավախությունները:
Ստելլա Խաչատրյան