Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասուլիս է հրավիրել, որտեղ լրագրողներին տրամադրված գրավոր փաստաթղթում մանրամասն ներկայացված է, թե որ ոլորտում որքան ներդրում է եղել: Ըստ Կարապետյանի՝ կանխատեսված 830 մլն ներդրումներից՝ 8 ամիսներին կատարվել է 376 մլնը՝ 45 տոկոսը: Դրանք ներառում են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ներդրումները, դրանցում ներառված են տարբեր գերատեսչությունների կողմից իրականացվող պետական, այդ թվում՝ վարկային կամ դրամաշնորհային իրականացվող ներդրումները և այլն: Վարչապետի խոսքով՝ ԱՎԾ-ի հրապարակած պաշտոնական տվյալները չեն կարող կոռելացվել կառավարության կողմից հնչեցված ներդրումային ծավալների հետ, քանի որ դրանք վերաբերում են միայն օտարերկրյա ներդրումներին, չեն ներառում պետական ծրագրերը: «Այստեղ կան թվեր, որ համընկնում են, կան տվյալներ, որ չեն համընկնում»,- ասաց նա:
Զավեշտալին այն է, որ այս անգամ երկրի վարչապետն է մեղադրում իր իսկ ենթակայության տակ գտնվող կառույցին՝ թվերը կեղծելու մեջ, այն էլ՝ ոչ թե դեպի վեր, այլ դեպի վար։ Այս տարվա ընթացքում մոտ 830 միլիոն դոլարի օտարերկրյա ներդրումներ ներգրավելու՝ Կարապետյանի կառավարության հույսերը, մեղմ ասած, չեն իրականանում։ Ըստ ԱՎԾ-ի՝ երեկ հրապարակած տվյալների՝ օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը բացասական է՝ մոտ 25 միլիարդ դրամ։ Այսինքն` շատ պատկերավոր ասած՝ ներդրումների հոսքը 25 միլիարդով քիչ է եղել, քան արտահոսքը։ Ընդ որում` անցած տարվա համեմատ՝ ներդրումների զուտ ներհոսքի բացասական ցուցանիշն աճել է մոտ 10 միլիարդ դրամով։ Թե որքան է եղել ներհոսքը և որքան՝ արտահոսքը, ԱՎԾ-ն չի նշում, սակայն այս թիվը ցույց է տալիս, որ ներդրումների տեսանկյունից՝ իրավիճակն ավելի վատ է, քան անցած տարի։ Մյուս կողմից՝ գրեթե ամեն օր մենք լսում ենք, որ մակրոտնտեսական ցուցանիշների բարելավում է տեղի ունեցել, եթերով դիտում ենք, թե ինչպես են բացվում նորանոր ձեռնարկություններ` հարյուրավոր աշխատատեղերով, և այս պատկերը ԱՎԾ-ն նույնպես ստիպված է արձանագրել իր հաշվետվություններում, այլապես՝ դուրս կգա, որ վերադասը մոլորեցնում է հասարակությանը: Եվ հիմա ստացվում է, որ պիտի մոլորեցնի ԱՎԾ-ն, որովհետև ավելի լավ է այս կառույցը դառնա քավության նոխազ, քան ավելի վերևում գտնվողները:
Ասուլիսի ընթացքում Կարապետյանն անդրադարձել է նաև 2018-ի իր ծրագրերին: Լրագրողների հարցին՝ ինքը համամի՞տ է ՀՀԿ-ականների հետ, թե՝ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի վարկանիշին՝ որպես անվտանգության երաշխավոր, որպես մեծ փորձ ունեցող ղեկավար, ես այդ պնդումների հետ լիարժեք համաձայն եմ: Այդ հարցին բազմիցս պատասխանել եմ: Ես հստակ հայտարարել եմ, որ պարաստ եմ լինել վարչապետ, իմ աշխատանքը շարունակում եմ: Ի՞նչ եմ ուզում անել, կարող է ամպագոռգոռ հնչել՝ ծառա եմ լինելու: Ես վստահ եմ, որ մենք հաստատ կարող ենք լավ երկիր ունենալ՝ տրամաբանական զարգացող: Ինչպիսի որոշում կկայացնի ՀՀԿ-ն, շատ պարզ ձևակերպված է: Մենք նոր Սահմանադրություն ունենք, որտեղ հստակ տրված է դա»,- ասաց Կարեն Կարապետյանը՝ հայտարարելով, որ այս թեմայով հարցերի այլևս չի պատասխանելու:
Արդեն իսկ ձևավորվել է Սերժ Սարգսյանի «փաստարկը»՝ անվտանգություն, նաև ժողովրդագրական իրավիճակ: Դա ակնհայտորեն լինելու է Սարգսյանի՝ վարչապետ նշանակման տարբերակի կամ որևէ այլ տարբերակով նրա գերակա դերի «սոցիալական հիմքը»: Այդ հիմքն այսօր ընդունվեց նաև Կարապետյանի կողմից: Ուշագրավ է, որ վարչապետը շեշտեց նաև ՀՀԿ որոշիչ դերը այս հարցում: Գաղտնիք չէ, որ վարչապետի պաշտոնը ստանձնելուց մինչ օրս Կարապետյանին այդպես էլ չհաջողվեց ՀՀԿ-ում իր թիմը ստեղծել, ավելին՝ ՀՀԿ-ն այսօր չի դիտարկվում իբրև Կարեն Կարապետյանի քաղաքական հենարան: Ինչ վերաբերում է քաղաքական «նախապատրաստությանը», ապա պատահական չէ, որ ամեն անգամ, պատասխանելով հարցին, թե 2018թ. ապրիլից հետո արդյո՞ք Կարեն Կարապետյանը շարունակելու է պաշտոնավարումը, ՀՀԿ-ականները հստակ պատասխան չեն տալիս՝ չհերքելով Կարապետյանին պաշտոնանկ անելու խոսակցությունները, չհերքելով նաեւ տեսակետը, որ նախագահական լիազորությունների ավարտից հետո Սերժ Սարգսյանն է դառնալու վարչապետը: Միայն թե, հիշեցնենք՝ ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններում լայնորեն օգտագործեց նույն Կարեն Կարապետյանի անձի գործոնը՝ հասարակության մոտ փոփոխությունների տպավորություն ստեղծելու եւ այդպես ձայներ ստանալու համար: Հիմա, երբ արդեն ՀՀԿ-ն խորհրդարանում ունի կայուն մեծամասնություն, կարող են Կարապետյանին շնորհակալություն հայտնել ու հանգիստ ճանապարհ դնել, առավել եւս, երբ Սերժ Սարգսյանը հասել է իր ուզածին՝ նախագահական լիազորությունների ավարտից հետո անարգել կարող է դառնալ վարչապետ թիմի որոշմամբ: Կարեն Կարապետյանն էլ է հասկացել, որ իրեն խորհրդարանական ընտրություններից առաջ գործադիրի ղեկավար նշանակեցին՝ փոփոխությունների իմիտացիա բեմադրելու համար, իսկ հիմա, երբ նա այլեւս հարկավոր չէ ՀՀԿ-ին, կարող է շնորհակալություն հայտնեն ու «վաստակած հանգստի» ճանապարհեն: Սարգսյանի համար Կարապետյանի առաքելությունը սպառված է. գործող նախագահին պետք էր ոչ թե բարեփոխված, այլ վերահսկելի համակարգ, որը նա արդեն ունի:
Ստելլա Խաչատրյան