«Իրատես» թերթը գրում է.

 

Մայիսի 25-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում մշակույթի գործիչների ու վարչապետի հանդիպումը շարունակվում էր, ես թողեցի ու դուրս եկա: Թեպետ ընտանեկան դաստիարակությունն ու պատշաճությունը արգելում էին, բայց ինչ-որ պահից զգացի, որ մնալն անհեթեթ է: Նախ` հանդիպման նպատակի մասին: Գաղափարը` հանդիպել մշակույթի մարդկանց ու լսել նրանց տեսակետները, ինքնին կարևոր ու տեղին է: Անհրաժեշտ: Կա ձևաչափի հարց` երբ տարբեր ոլորտներ մեկտեղում ես, ստացվում է խառնիճաղանջ, բովանդակային խոսակցությունը արգելակվում է: Արդյունավետության համար կա նաև օպտիմալ թիվ, որ հաստատ 1500-2000-ի չի հասնում: Բայց նույնիսկ լեփ-լեցուն համերգասրահում հնարավոր էր շահագրգիռ ու օգտակար խոսակցություն, եթե տոնական տեսքով հանդիպման ժամանած մշակույթի գործիչները մտածեին ոչ թե իրենց, այլ պետության ու մշակույթի մասին: Եթե հասկանային` ինչ է մշակույթը: Կուլտուրայի արմատը նրանց համար կուլտն է` պաշտամունքը: Ոմանց համար` սեփական անձի, ոմանց համար` օրվա ղեկավարի: Ու նրանք դիմում էին վարչապետին` լուծելով մի քանի խնդիր.

 

1. Հիշեցնել, որ իրենք դեռ կան ու արժանի են ակնածանքի, պատվի ու նյութական աջակցության:

2. Հնարավորինս սիրաշահել կամ բացահայտ շողոքորթել իշխանության տիրոջը` համարելով սեփական խնդիրների լուծման ուղիղ ճանապարհ:

3. Բարձրաստիճան պաշտոնյային պատմել լալահառաչ պատմություններ իրենց աշխատանքի` իբրև սխրանքի մասին, հընթացս զգացնելով, որ ուրիշները ոչինչ են իրենց համեմատությամբ, մինչդեռ ունեն անուն-պատիվ-կոչում:

4. Հարց տալու փոխարեն 5-10-րոպեանոց ելույթ ունենալ, որը կարճ բնորոշվում է` դուք պարտավոր եք ինձ համար առանձնահատուկ պայմաններ ստեղծել` ես չգնահատված հանճար եմ:

5. Հույժ մտահոգ տեսքով ներկայացնել հարցեր, որոնց լուծումները վարչապետի մակարդակ չեն ակնկալում` հընթացս բողոքելով, որ մշակույթի նախարարությունը թքած ունի մշակույթի վրա ու ընդհանրապես ոչ ոք իր տեղում չէ, քանի իրենք պաշտոն չունեն:

6. Համառորեն բողոքել այլասերող սերիալ-ռաբիսից ու ոչինչ չառաջարկել փոխարենը` «Դուք արեք, մենք գնահատենք» սկզբունքով:

7. Վարչապետին հարց ուղղելով` ապահովել հետագա աշխատանքն ու պաշտոնավարումը` հարկ եղած պահին, հարկ եղած տեղում ասելու համար` վարչապետն ինձ անձամբ ասաց` ես անձեռնմխելի եմ:

Ժանգը և թույնը միմյանց նկատմամբ ժպիտով ծածկած` նրանք պատրաստ էին իրար հրմշտել րոպե առաջ դահլիճում հայտնվելու ու առաջին շարքերը համալրելու համար, որ երևան վարչապետին, ում Աստծո տեղը դնելը պարտադիր է, իսկ երբ Աստված իրենց չի լսում` Աստծուն ուրանալն ու հայհոյելը պարտք է: Ապշեցուցիչ էր, որ ստեղծագործական միությունների ղեկավարները վարչապետին էին առաջարկում լուծել ստեղծագործական միությունների օրենքի հարցը, նրանից էին պահանջում ապահովել Հայաստանի զինանշանի համապատասխանությունը օրենքով սահմանվածին, 80-90-ի միջակայքում գտնվողներն էլ պատանեկան ավյունով շնորհակալություն էին հայտնում վարչապետին` անհասկանալի է, թե ինչի համար: Աշխատանքի բերումով տասնյակ տարիներ շփումներ ունենալով իրենց անունը ժամանակին տված հայ գրողների, երաժիշտների, նկարիչների, փիլիսոփաների, գիտնականների հետ` ես խոստովանում եմ, որ ինտելեկտուալ ու մարդկային բոլորովին այլ որակների էի ընտելացել: Նրանցից շատերն արդեն հեռացել են: ՈՒ մարդաշատ դահլիճում նստած` ես ինձ միայնակ էի զգում ու մեղավոր, որ ժամուկեսից ավելի ստիպված եմ լսել աղմուկ, բայց ոչ ձայն, բառակույտ, բայց ոչ խոսք: Դարձյալ աշխատանքի բերումով մեկ տասնամյակ ներկա եմ եղել Հայաստանում ու արտասահմանում բազում հանդիպումների` մտավորականների ու բարձրաստիճան պաշտոնյաների, ու միշտ լսել եմ նույնը` պետությունը պիտի աջակցի, պետությունը պիտի իրենց պահի, իրենք արժանի են ամեն ինչի: Միով բանիվ` պետությունն ունի պարտականություն, իրենք ունեն` իրավունք: Գուցե միամտաբար, գուցե հիմարաբար ակնկալում էի, որ ժամանակ է պետք ու ժամանակի մեջ այդ չաշխատող կարծրատիպերը իրենք-իրենց կկոտրվեն ու կփոխվեն, որ առաջին հերթին մտավորականը պիտի փոփոխության կարիքն զգա ու փոփոխությունը ձևակերպի: Ո՞վ, եթե ոչ մտածող մարդը: Բայց ստեղծված փակ շրջանակում առաջին կոտրվողը մտավորականները եղան: Պարզվեց` նրանք են թույլ օղակը, որ կայսրության փլուզումից հետո պետպատվերի ակնկալիքով մինչև այսօր սպասում են, որ պետությունը պիտի իրենց ասի` ինչ գրել, ինչ նկարել, ինչ քանդակել, ինչ մտածել, փողը լիուլի տա ու հետո էլ պարգևատրի: Իսկ պետություն ասելով` նրանք պատկերացնում են կոնկրետ պաշտոնյա` երեկ Սերժ Սարգսյանն էր, նրան էին շողոքորթում, այսօր Նիկոլ Փաշինյանն է` նրան կշողոքորթեն, վաղը Պողոս Պետրոսյանը կլինի կամ Պետրոս Պողոսյանը` ոչ մի տարբերություն:

 

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում