ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին մի խումբ արվեստագետներ, մտավորականներ և քաղաքական գործիչներ նամակ են հղել՝ խնդրելով վերանայել Ժիրայր Սեֆիլյանի՝ ՀՀ քաղաքացիության հարցը:

Հայաստանի Հանրապետության նախագահ
Արմեն Սարգսյանին
 
Հարգելի պարոն նախագահ
 
Լիբանանի քաղաքացի, ազգությամբ հայ Ժիրայր Սիմոնի Սէֆիլյանը 1990 թ. ի վեր մշտապես բնակվում է Հայաստանում /Արցախը ներառյալ/: Այդ ընթացքում նա միայն մեկ անգամ է բացակայել՝ 1995-1997 թթ., մոտ երկու տարի ժամանակով:
 
Ժիրայր Սէֆիլյանը Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով երեք անգամ դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար, սակայն նրա դիմումները 2004 թ. մարտի 15-ին, 2006 թ. հուլիսի 18-ին և 2008 թ. նոյեմբերի 28-ին ապօրինի և անհիմն կերպով, առանց պատճառաբանությունների մերժվել են:
 
2009 թ. ապրիլի 28-ին նույն կերպ մերժվել է նաև Հայաստանի Հանրապետությունում նրա կացության իրավունքի դիմումը:
 
«Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով (հոդված 13, մաս 7) սահմանված կարգի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը մերժվում է, եթե տվյալ անձն իր գործունեությամբ վնասում է պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգին, հանրության առողջությանը և բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին ու բարի համբավին:Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումի մերժումը կարող է չհիմնավորվել»:
 
Հայրենիքին մատուցած Ժիրայր Սէֆիլյանի ծառայություններն անուրանալի են և հանրահայտ: Հանրահայտ է Ժիրայր Սէֆիլյանի բարենպաստ ծառայությունը նաև «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված և վերը հիշատակված արժեքների պահպանության հարցում:
 
Հանրության համար հանրահայտ է նաև, որ Ժիրայր Սէֆիլյանի քաղաքացիության և կացության իրավունքը մերժվել է նրա ընդդիմադիր քաղաքական գործունեության պատճառով:
 
Վերջին օրերին ազգովին և աշխարհով մեկ ականատես եղանք, թե ինչպես է ամբողջ ժողովուրդը մերժում Ժիրայր Սէֆիլյանի քաղաքացիության իրավունքը մերժողներին: Մերժում է նաև այն պատճառով, որ նրանք ոտնահարել են հիշատակված արժեքները:
 
Գործող Սահամանադրության 47-րդ հոդվածի 3-րդ մասին համաձայն՝ «Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն հաստատելու պահից ունեն Հյաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք» իսկ 4-րդ մասի համաձայն՝ «Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը ձեռք են բերում օրենքով սահմանված պարզեցված կարգով»:
 
Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև նկատի ունենալով, որ իրավասու մարմինների և պաշտոնատար անձանց կողմից Սահմանադրության և «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի պահանջները կատարելու պարագայում Ժիրայր Սէֆիլյանը դեռևս ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին իր առաջին դիմումը ներկայացնելիս պետք է ՀՀ քաղաքացիություն ստացած լիներ,
պահանջում ենք
 
ա) ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ Ժիրայր Սիմոնի Սէֆիլյանի 2004 թ. ներկայացրած առաջին դիմումը համարել Սահմանադրությամբ և «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգին պատշաճ կերպով համապատասխան ներկայացված, և այդ կարգի  կոպիտ խախտմամբ մերժված, ուստի՝ իրավական ուժը պահպանած և իրավապատշաճ պատասխան ակնկալող փաստաթուղթ,
բ) Ժիրայր Սիմոնի Սէֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհել ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին նրա առաջին դիմումը ապօրինի և անհիմն կերպով մերժելու օրվանից՝ 2004 թ. մարտի 15-ից:
 
Դիմողներ՝
Հասմիկ Պապյան, օպերային երգչուհի
Հրանուշ Խառատյան, ազգագրագետ
Լևոն Չուգասզյան, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր
Հերման Ավագյան, լուսանկարիչ
Վահան Արծրունի, կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ
Լևոն Շիրինյան, քաղաքագետ
Վարդան Հայկազյան, վերլուծաբան
Ջուլետտա Առուստամյան, հեղինակ-կատարող (Արցախ)
Սասուն Կոսյան, արվեստագետ (ԱՄՆ) ՀՀ քաղաքացի
Հմայակ Հովհաննիսյան, Քաղաքագետների միության նախագահ
Արմեն Մարտիրոսյան, Ժառանգություն կուսակցության վարչության նախագահ
Վարդան Հակոբյան, դիրիժոր (ԱՄՆ), ՀՀ քաղաքացի
Կարո Եղնուկյան, իրավաբան-իրավապաշտպան