Մարտի 5-ին Մոսկվայի ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը աշխատանքային կարգով ՀՀ ղեկավար դեմքերին ուղղված մեկ գրությամբ «Լազարյան ակումբի» գործունեության և նրա նկատմամբ ՀՀ պետական ինստիտուտների վերաբերմունքի մասին տրամաբանական հարցադրումներ է կատարել:

Շաբաթվա ընթացքում գրության հետ տեղի են ունեցել որոշ գործընթացներ, ինչը, մեղմ ասած, պատիվ չի բերում դա թույլ տված ՀՀ հաստատությանը: Այսօր այդ գրությունը հրապարակվում է բաց նամակի տեսքով:

 Բաց նամակը՝ ստորև.

ՀՀ նախագահ պարոն ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՀՀ վարչապետ պարոն ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

ՀՀ ԱԺ նախագահ պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

ՀՀ ԱԽ քարտուղար պարոն ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ

 

Պարոնա'յք ղեկավար այրեր,

Մոսկվայում Հայաստանի պետական և հայկական ազգային շահերով գործող, Հայաստանում տեղի ունեցած դրական փոփոխությունները ողջունած, դրանց մասնակցած և մասնակցող, ռուսաստանյան պետական և քաղաքական կառույցների հետ համագործակցության արժանապատիվ ծրագրեր իրականացնող հայկական քաղաքագիտական և համայնքային շրջանակի կողմից լիազորված եմ Հայաստանի Հանրապետության ղեկավարության ուշադրությունը հրավիրել որոշ խնդիրների վրա:

Եթե իր առաջին իսկ նիստից  ակնհայտորեն Հայաստանի պետական շահերի և գործող իշխանությունների դեմ հանդես եկող «Լազարյան ակումբի» ներկա մոսկովյան  նիստին պետք է մասնակցեին Հայաստանի պետական ինստիտուտների և իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները, ապա տրամաբանորեն առաջանում են հետևյալ հարցերը.

- ինչու՞ երբ Կոնստանտին Զատուլինը նախորդ տարվա հոկտեմբերին «Լազարյան ակումբի» ստեղծման գաղափարը քննարկելու նպատակով Երևան եկավ,  նրան որևէ պետական ինստիտուտ չընդունեց և նախաձեռնությունն էլ չողջունվեց (բացի Հանրապետական կուսակցությունից և նրա ներկայացուցիչ պաշտոնյաներից),

 

- ինչու՞ նախորդ տարվա նոյեմբերի վերջին և դեկտեմբերի սկզբին Երևանում տեղի ունեցած «Լազարյան ակումբի» առաջին նիստին պետական ղեկավար այրերը  և իշխող ուժի ներկայացուցիչները չմասնակցեցին,

- ներկայումս մոսկովյան նիստին մասնակցող պետական ինստիտուտների և իշխող ուժի ներկայացուցիչները ցանկանում են Զատուլինի միջոցով հարաբերություններ հաստատել ռուսաստանյան իրենց գործընկերների, կամ էլ ակումբը ֆինանսավորող հայ օլիգարխների հե՞տ: Երկու դեպքում էլ լուրջ հարցեր են առաջանում:

- միգուցե մասնակցելով պրոքոչարյանական ակումբի նիստին, որոշ պետական ինստիտուտներ ընդառաջում են վերջերս տարբեր խողովակներով Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ՌԴ-ից իրենց փոխանցվող ուղերձների՞ն: Այս դեպքում ավելի լուրջ հարցեր են առաջանում:

- տեղյակ ե՞ք, որ ակումբի գործունեության համար հայկական կոնկրետ շրջանակներից ֆինանսական միջոցներ հավաքող Զատուլինը նպատակ ունի նպաստելու Հայաստանում տապալված քաղաքական ուժերի համախմբմանը և նրանց ռևանշին: Միայն վերջերս է պարզվել, որ ակումբի մասին հայտարարության գաղտնի ստորագրողներից մեկն էլ Վիգեն Սարգսյանն է, իսկ ակումբի առաջին և երկրորդ նիստերի մասնակիցների կազմի որոշումը և հրավերների առաքումը համակարգվել են Հանրապետական կուսակցության կողմից: ԱՊՀ երկրների ինստիտուտի երևանյան մասնաճյուղը ընդամենը ձևական կատարողի դերում է եղել:   

Այս և նման այլ հարցադրումներով առաջիկայում հնարավոր է, որ հայ քաղաքագետների մեկ կազմով հանդես գանք բաց նամակով:

Հավելեմ, որ մենք նախորդ տարվա հոկտեմբերին ստորագրել ենք հայ-ռուսական երկխոսության հասարակական հարթակ ստեղծելու մասին հայտարարությունը, քանի որ ընդունվել են մեր առաջարկած պայմանները դրա երկկողմանի բնույթի և բաց գործելաոճի անհրաժեշտության վերաբերյալ:

Բայց նոյեմբերին տեսնելով, որ դրա գործնականացման փուլում նախաձեռնությունը դառնում է ռուսաստանյան մեկ գործչի քաղաքական ու ֆինանսական հետաքրքրությունների բավարարման միջոց, դրսևորում է քաղաքական նախապատվություն ու սպասարկում է կոնկրետ անձերի ու քաղաքական շրջանակների շահեր, հրապարակայնորեն դեմ ենք արտահայտվել նման ընթացքին, կասեցրել ենք մեր մասնակցությունը գործընթացին և սկզբունքորեն չենք մասնակցել «Լազարյան ակումբի» նիստերին:             

                       

Հարգանքով`

ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ

ՅՈՒՐԻ ՆԱՎՈՅԱՆ