ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տարբեր բնույթի խախտումներ են հայտնաբերվել, որոնց մասին լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի: Մայիսի 29-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:
«Խախտումները տարբեր բնույթի են, ուսումնասիրությունը բավականին ժամանակ է պահանջում և ես չէի ցանկանա անմեղության կանխավարկածը խախտել: Այս առումով հետաքննության առարկա են դառնում տարբեր հանգամանքներ»,- ասաց Թանդիլյանը և հավելեց, որ իրենք սերտ համագործակցում են ԱԱԾ-ի հետ:
Նրա խոսքով` նախարարությունն անանուն բազմաթիվ դիմումներ է ստանում, որոնք դառնում են ուսումնասիրության առարկա:
Թանդիլյանը լուրջ բարեփոխման կարիք է տեսնում բժշկասոցիալական փորձաքննության համակարգում:
«Լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի, թե ինչ քայլեր է ձեռնարկվում , որովհետև խորքային աշխատանք ենք կատարել և փորձել ենք հասկանալ, թե ինչպես են հաշմանդամության կարգի հետ կապված գործընթացները տեղի ունենում»,- եզրափակեց Թանդիլյանը: