Վերջերս մի խումբ արվեստագետներ, մտավորականներ և քաղաքական գործիչներ բաց նամակով դիմել էին ՀՀ նախագահին՝ Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու հարցով։ Նրանք պահանջում էին ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ Ժիրայր Սեֆիլյանի 2004 թ. ներկայացրած առաջին դիմումը համարել իրավական ուժը պահպանած և իրավապատշաճ պատասխան ակնկալող փաստաթուղթ և նրան ՀՀ քաղաքացիություն շնորհել առաջին դիմումը մերժելու օրվանից։ «Արմենպրես»-ը դիմել է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությանը՝ հարցի հետ կապված ՀՀ նախագահի դիրքորոշմանը տեղեկանալու համար։
«Գործող Սահմանադրության 134-րդ հոդվածը սահմանում է, որ ՀՀ նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով լուծում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը:
Այսինքն, Սահմանադրության նշված կարգավորման ուժով ՀՀ նախագահը քաղաքացիություն շնորհելու կամ դադարեցնելու հարցերի վերաբերյալ լիազորությունը կարող է իրացնել բացառապես օրենքով սահմանված կարգի շրջանակում, իսկ համաձայն օրենքի նշված կարգավորումների՝ անհրաժեշտ է անձի կողմից նոր դիմումի ներկայացում, համապատասխան հանձնաժողովի կողմից դրա քննարկում, այնուհետև՝ ՀՀ վարչապետի կողմից առաջարկության ներկայացում ՀՀ նախագահին»,-պարզաբանեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վարչությունից միաժամանակ նշեցին, որ 2008 թվականի նոյեմբերի 18-ի՝ Ժիրայր Սեֆիլյանի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումը մերժելու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ՆՀ-311-Ա հրամանագրի համար իրավական հիմք է հանդիսացել հրամանագրի ընդունման պահին գործող Սահմանադրության 55-րդ հոդվածի 15-րդ կետը և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ և 26-րդ հոդվածները: