ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էմիլ Տարասյանը տեղյակ չէ, թե ինչքան գումար է ծախսվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրի նորոգման վրա: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին , ԱԺ-ում 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում  ասաց Էմիլ Տարասյանը՝ պատասխանելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, թե նոր, անլիազոր նախագահի նստավայրի վերակառուցման, նորոգման համար ինչ գումարներ են ծախսվել:

«Ինչ վերաբում է լիազորություններին, նախագահի աշխատակազմն այսօր աշխատում է եղած լիազորությունների շրջանակում,  եւ այսօր բավական ծանրաբեռնվածություն ունի՝ հաշվի առնելով որ համալրված է 50 տոկոսով: Ինչ վերաբերում է վերանորոգհման ծախսերին, դա իրականացվել է 2017 թվականին,  ամբողջությամբ մանրամասներ այս պահին չկան, որովհետեւ գումարներ են հատկացվել պետական գույքի կառավարման  վարչությանը եւ վարչությունը մրցութային կարգով իրականացրել է վերանորոգումները եւ այդ գումարներն անմիջապես չեն տրվել նախագահի աշխատակազմին եւ մանրամասնել չեմ կարող, թե դրանք ինչ գումարներ են»,-ասաց նա:

 

Ուրիխանյանը արձագանքեց, որ հարցը միայն իրեն չի մտահոգում, նաեւ քաղաքացիներին է մտահոգում եւ խնդրեց պարզաբանումներ ներկայացնել:

Տարասյանն էլ հավելեց, որ շենքը դեռ հարմարեցված չէ աշխատանքային պայմաններն եւ դեռ շատ ծախսեր կան անելու, որ հարմարեցվի աշխատանքային պայմաններին:

Աղբյուրը՝ news.am