Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հաստատվել է ադրբեջանական պատվիրակության երկու նոր անդամների թեկնածությունները:
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Ադրբեջանական պատվիրակության նոր անդամներն են Չինգիզ Գանիզադեն և Նագիֆ Խամզաևը: Նրանք փոխարինելու են Վուսալ Հուսեյնովին և Ռոֆշան Ռզաևին:
Ադրբեջանի պատվիրակության մեջ տեղի ունեցած փոփոխությունները պայմանավորված են ԵԽԽՎ-ում կոռուպցիոն գործարքների բացահայտման հետ:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում ապրիլի 26-ին բուռն քննարկումներից հետո ընդունվել էր կոռուպցիոն գործարքների վերաբերյալ անկախ հետաքննչական մարմնի կողմից ներկայացված 219-էջանոց զեկույցը:
ԵԽԽՎ պատգամավորների հետ կոռուպցիոն սկանդալների մեջ ներքաշված գլխավոր ֆիգուրները Ադրբեջանի իշխանություններն են:
Փաստաթուղթը վերաբերում էր ԵԽԽՎ մի շարք պատգամավորների համակարգված կաշառակերությանը, տարիներ շարունակ Ադրբեջանի կառավարությունը տարբեր երկրների քաղաքական գործիչներին և պաշտոնյաներին առատորեն թանկարժեք նվերներ է մատուցել՝ մետաքսից գորգեր, ոսկի, արծաթ, խավիար, կանխիկ դրամ և բոլոր ծախսերի վճարմամբ ուղևորություններ՝ Ադրբեջանի օգտին և Հայաստանի ու Արցախի դեմ նրանց ձայների դիմաց: Այս անօրինական գործունեությունը այնքան մեծ տարածում է գտել, որ եվրոպացիներն այն նկարագրում են որպես «խավիարային դիվանագիտություն»:
Անկախ հանձնաժողովը, որը հետաքննություն էր իրականացնում Ադրբեջանի կոռուպցիոն գործունեության վերաբերյալ, որոշում է կայացրել խիստ պատժամիջոցներ կիրառել չորս պատգամավորների, այդ թվում՝ նաև ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի նկատմամբ. նրանք զրկվել են ձայնի իրավունքից:
ԵԽԽՎ-ում Ուկրաինայի պատվիրակության անդամ Ալեքսեյ Գոնչարենկոն հայտնել է, որ պատժամիջոցները Ագրամունտի դեմ կգործեն 10, իսկ մյուս երեք պատգամավորների դեմ՝ 2-ական տարով: