«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի բացմանը Երևանում հանդես կգա «Գրեմմի» մրցանակի արժանացած Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը` լեգենդար դիրիժոր Նեեմե Յարվիի ղեկավարությամբ: Նվագախումբը կկատարի Արամ Խաչատրյանի, Արթուր Լեմբայի, Էդուարդ Տուբինի ստեղծագործությունները:
Փառատոնի 19-րդ համերգաշրջանը կմեկնարկի հունիսի 11-ին Արամ Խաչատրայան համերգասրահում:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին փառատոնի կազմակերպիչներն ու մասնակիցները:
«Փառատոնը բացում է մեր ժամանակների հրաշալի երաժիշտներից մեկը` Նեեմե Յաարվին: Աշխարհում գրեթե չկա մի հզոր նվագախումբ, որը նա ղեկավարած չլինի: Յաարվին և իր դիրիժոր որդիները մեծագույն նվեր են աշխարհի երաժշտարվեստում: Մոլորակի վրա քիչ են նման ընտանիքները, և ես մեծ ոգևորություն եմ ապրում, որ նրա ղեկավարությամբ նվագախումբը պետք է ոչ միայն էստոնական, այլև Արամ Խաչատրյանի երաժշտությունը ներկայացնի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց փառատոնի հիմնադիրնախագահ, գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը:
Ռոստոմյանը շեշտեց, որ փառատոնն անցկացվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձր հովանու ներքո: «Դա շատ պարտավորեցնող է, և ես շատ ուրախ եմ, որ նոր շնչով ենք աշխատելու: Մինչ օրս արել ենք թռիչքներ, այսուհետ տիեզերական թռիչքներ ենք իրականացնելու»,- խոստացավ փառատոնի հիմնադիր-նախագահը:
Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Նեեմե Յաարվիի խոսքով` իրենք հպարտ և երջանիկ են նման բարձր մակարդակի փառատոնի բացմանը ելույթ ունենալու համար: «Այս տարի նվագախումբը շրջագայել է ԱՄՆ-ում, Գերմանիայում, բայց այստեղ լինելը բացառիկ իրադարձություն էր, քանի որ բոլորս էինք ցանկանում գալ Հայաստան: Երեսուն տարի առաջ ենք եղել այստեղ, և նվագախմբում կան երաժիշտներ, որոնք այն ժամանակից մինչ օրս նվագում են: Նրանք վկա են այս տարիներին Հայաստանում իրականացված փոփոխություններին և երիտասարդներին կպատմեն դրանց մասին»,-ասաց նա:
Մաեստրո Նեեմե Յաարվին անկեղծորեն նշեց, որ միշտ ջերմ զգացողությամբ է գալիս Հայաստան: Նա ասաց, որ վաղ անցյալում այստեղ մեր երկրում ելույթներ էին ունենում` մշակութային կապերով միավորելով էստոն և հայ ժողովուրդներին:
Նվագախումբը համերգային ծրագրում կներկայացնի Արամ Խաչատրյանի «Վալս»-ը, «Դիմակահանդես»-ը, էստոնացի հեղինակ Արթուր Լեմբայի Դաշնամուրի կոնցերտը օպ. 2, և էստոնացի կոմպոզիտոր Էդուարդ Տուբինի Սիմֆոնիա թիվ 5 B minor ETW 5-ը:
«Տուբինի հինգերորդ սիմֆոնիան նրա լավագույն ստեղծագործություններից է, որը ներկայացնում է այն, ինչ 40-ականներին կատարվել է Էստոնիայում: Նա նկարագրել է իր զգացմունքներն այդ իրադարձությունների վերաբերյալ: Արթուր Լեմբան կրթություն է ստացել Սանկտ-Պետերբուրգում: Նրա կոնցերտը լսելով` կտեսնեք, որ հեղինակը կրում է հռչակավոր կոմպոզիտորներ Ռիմսկի-Կորսակովի, Ալեքսանդր Գլազունովի ազդեցությունը»,-նշեց Նեեմե Յաարվին:
Մաեստրոն անդրադարձավ Արամ Խաչատրյանին ու շեշտեց, որ կոմպոզիտորն իր ընտանիքի բարեկամն է եղել: «Ես 1960-ականներից եմ ներկայացնում նրա գործերը սիմֆոնիկ նվագախմբի հետ: Այդ ժամանակ երիտասարդ էի և Խաչատրյանի ստեղծագործությունները հնչեցում էի Մոսկվայում, Լենինգրադում, այլուր: Ընդգծեմ, որ հրաշալի ժամանակներ եմ անցկացրել Հայաստանում. Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի և Ավետ Տերտերյանի հետ եղել եմ Սևանում»,-պատմեց նա:
Համերգը նվիրվում է Հայաստանի և Էստոնիայի Հանրապետությունների 100-ամյակին:
Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը երկրի ամենահին շարունակաբար գործող պրոֆեսիոնալ նվագախումբն է, որի պատմությունը սկիզբ է առնում 1926 թվականից, և ինչպես աշխարհի բազում այլ նվագախմբերի դեպքում, մեծապես պայմանավորված է ազգային ռադիոհեռարձակման և հեռուստահաղորդումների ծնունդով: 2010 թվականից մինչ օրս նվագախմբի գլխավոր դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարն է Նեեմե Յաարվին, ով 2017-ին արժանացել է «Պատվավոր գեղարվեստական ղեկավար» մրցանակին: Նվագախումբը մշտապես հանդես է գալիս հանրահայտ դիրիժորների և մենակատարների, այդ թվում նաև հանրաճանաչ էստոնացի երաժիշտների հետ: