Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն այցելեց Սևան քաղաքի մի քանի կազմակերպությունների շինհրապարակներ
Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը Սևան քաղաքում աշխատանքային այց կատարեց «Զարթոնք» մանկապարտեզի, բժշկական կենտրոնի, մշակույթի տան, թիվ 1 հիմնական դպրոցի և Չարենցի փողոցի շինհրապարակներ, որտեղ իրականացվում են սոցիալ-տնտեսակական և կենսական նշանակության կարևոր ծրագրեր:
Մարզպետ Իշխան Սաղաթելյանը դիտարկեց շինարարության ընթացքը, զրուցեց շինարարների հետ, ծանոթացավ առկա խնդիրներին, տվեց համապատասխան ցուցումներ:
«Լինել չափազանց հետևողական, ուշադրություն դարձնել շինարարության որակի, նկատված թերությունները վերացնելու, պայմանագրով սահմանված ժամկետներում օբյեկտները շահագործման հանձնելու ուղղությամբ»- նշեց Իշխան Սաղաթելյանը, Սևան քաղաքի 5 շինհրապարակներում, շինարարների հետ հիմնանորոգման աշխատանքները դիտարկելու ընթացքում:
Զարթոնք մանկապարտեզի, հիվանդանոցի և Չարենցի փողոցի շինարարությունը նախատեսված է ավարտին հասցնել այս տարվա ամռանը: Մնացած երկու կառույցներում աշխատանքները կշարունակվեն մինչև տարեվերջ և հաջորդ տարվա ընթացքում:
Մարզպետ Իշխան Սաղաթելյանի կարծիքով մոտակա ամիսների ընթացքում Սևան քաղաքում լուրջ առաջընթաց կարձանագրվի կրթական, առողջապահական ու մշակութային հաստատությունների արդիականացման, ինչպես նաեւ ճանապարհաշինության ոլորտներում: ,,Սևանում այժմ բավականին մեծ ծավալի եւ կենսական կարևոր նշանակության ծրագրեր են իրականացվում: Մեր աշխատանքային այցն այս առումով էլ չափազանց հագեցած ստացվեց: Ուրախալի է, որ շատ շուտով մենք Սեւանում կտեսնենք արդիականացված մանկապարտեզ, դպրոց, բժշկական կենտրոն, մշակույթի տուն, ներհամայնքային նորոգ ու բարեկարգ ճանապարհներ: Սա նշանակում է, որ մենք զարգանում ու առաջ ենք գնում, բայց ավելի պետք է ոգեւորվենք ձեռքբերումներով ու զարկ տանք մյուս ոլորտների զարգացմանը: Ինձ տպավորեց ոչ միայն շինարարության ծավալը, այլ նաև գոհացրեց աշխատանքների ընթացքը,,,- նշեց մարզպետ Իշխան Սաղաթելյանը:
Սևան քաղաքի հինգ շինհրապարակներում աշխատանքներն իրականացվում են պետական և տեղական բյուջեների, ՀՏԶ հիմնադրամի և համաշխարհային բանկի ֆինասավորմամբ: Ներդրումների ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ, 750 մլն դրամ: