Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը նախօրեին ստացել է ԱԱԾ-ի կողմից գրությունն այն մասին, որ պատգամավոր Մանվել Գրիգորյանը ժամը 18.00-ին ձերբակալվել է։ Այդ մասին տեղեկացնում է ԱԺ աշխատակազմի լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Կնյազ Սարոյանը։

 

ԱԱԾ-ն նախօրերին հայտարարել է, որ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելու կասկածանքով։ Նկատենք, որ նա ունի պատգամավորական անձեռնմխելիություն եւ ըստ ՀՀԿ-ի պաշտոնական հայտարարության նրա ձերբակալությունն ուղեկցվել է պատգամավորի անձեռնմխելիության Սահմանադրական ընթացակարգերի խախտմամբ։

 

72 ժամվա ընթացքում ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պետք է մեղադրանք առաջադրվի կամ ազատ արձակվի։

 

ՀՀ դատախազությունը դեռ որեւէ կերպ չի արձագանքել պատգամավորի ձերբակալությանը եւ առայժմ պաշտոնապես չի հայտնվում միջնորդագիր կներկայացվի՞ Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար թե՞ ոչ։

 

Նշենք, որ ԵԿՄ անդամներն ու պատգամավոր Մանվել Գրիգորյանի կողմնակիցները շաբաթ երեկո սկսել են բողոքի ակցիաներ իրականացնել, ինչը շարունակվել է այսօր։ Նրանք պահանջում են ազատ արձակել ԱԱԾ կողմից ձերբակալված պատգամավորին։

 

Ցուցարարները փակել էին Նալբանդյան փողոցը։ Ավելի ուշ նրանք որոշեցին երթով շարժվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայր, որտեղ պետք է կայացվի Մ.Գրիգորյանի խափանման միջոցի որոշումը։