«Բացահայտումներին լավ եմ վերաբերվում, երևույթին՝ վատ»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը՝ անդրադառնալով գեներալ Մանվել Գրիգորյանի մասով բացահայտումներին: Նա նշեց՝
Մանվել Գրիգորյանը միակ մարդը չէ, ով նման պատմության մեջ է հայտնվել, նախկինում էլ եղել են նման բացահայտումներ:«Նախկինում էլ եղել են նման բացահայտումներ, բայց երբևիցե նման արձագանքի չեն արժանացել, որովհետև երևի թե ներքին կարգով որոշում է եղել չընդլայնվել և ավելի զուսպ լինել: Գործերին ընթացք տրվել են, բայց հասարակության համար լրատվամիջոցներով նման արձագանքի չեն արժանացել»,- ասաց նա:
Հարցին, թե Մանվել Գրիգորյանը միայնակ կարո՞ղ էր գործել, պատգամավորը պատասխանեց. «Ես չեմ բացառում, որ շատերն են մեղքերի տակ: Ես ասեմ ավելին՝ Մանվել Գրիգորյանն իր կոռուպցիոն դրսևորումներով երևի թե այս երկրի առաջին հարյուրի մեջ էլ չի մտնի»,- ասաց նա:
Մանվել Գրիգորյան-Դոն Պիպո սկանդալում նաև շրջանառվեց նաև Արթուր Գևորգյանի աներոջ՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անունը. խոսակցություններ կային, որ Մանվել Գրիգորյանը միջնորդել է նրան, որ Դոն Պիպոն հեռանա Հայաստանից, արդյոք սրա վերաբերյալ տեղեկություններ ունի՞՝ հարցին ի պատասխան՝ Գևորգյանն ասաց.
«Հիմա ինձ հարցնում եք, որ ի՞նչ ասեմ: Ժամանակին Գասպարյանի աղջիկն իմ կինը չէր»: