Մոտ 800 հազար աշխատավարձ ստացող նախարարներին նաեւ բնակարանի վարձի համար հավելյալ 100 հազար դրամ կտրվի:  Այս որոշումը միաձայն ընդունվել է կառավարության վերջին նիստում: Փոխհատուցումը տրամադրվում է կառավարության անդամի` վարչապետին ուղղված դիմումի հիման վրա: Հիշեցնենք, որ նմանատիպ օրենք գործում է նաև ԱԺ պատգամավորների համար, անցած տարի 11 պատգամավորներ դիմել էին ԱԺ ղեկավարությանը՝ ամսական իրենց 100 հազար դրամները ստանալու համար։ Ի դեպ, դա արժանացել էր հենց նույն ԵԼՔ-ի՝ խորհրդարանական ընդդիմության բուռն քննադատությանը: Վերջիններս հռետորական հարց էին հնչեցնում, թե 600 հազար դրամ ստացող պատգամավորներին, որոնցից շատերը ոչ միայն կարիքավոր չեն, աշխատավարձի հույսին չեն, այլ հանքատերեր և միլլիարդատերեր են, ինչի՞ն է պետք: Եվ եթե բյուջեում այդքան գումար կա նման շռայլությունների համար, պետք է այն ուղղել նպատակային՝ ասենք կարիքավոր ընտանիքներին:
 
Այնպիսի տպավորություն է, որ նոր իշխանությունները մոռացել են ինչի համար և ինչի դեմ էին պայքարում: Հակառակ դեպքում՝ միաձայն չէին ընդունի իրենց հազար 100 դրամի արտոնություն տալու մասին որոշումը: Ընդ որում՝ նախարարների աշխատավարձը 800 հազար դրամ է. ձեռքերը քարի տակ չէ, բայց, ինչպես ասում են՝ «շնից մազ պոկելը քյար է»: ԵԼՔ-ի՝ նման վարքագիծն այլևս որևէ մեկին չի զարմացնում: Նախընտրական և հետընտրական շրջանում ԵԼՔ-ի խոսքն ու գործը, մեղմ ասած, չի համընկնում: Վառ ապացույցն էլ՝ այսօր խորհրդարանում ընդունված կուտակային կենսաթոշակային համակարգն է, որին ԵԼՔ-ը ընդդիմություն եղած ժամանակ ատամներով էր ընդդիմանում: Մինչդեռ այսօր հենց նոր իշխանություններն են պնդում դրա ընդունման անհրաժեշտության վրա, հայտարարելով՝ «ով մեզ հետ չէ՝ մեր դեմ է»: Չմոռանանք նաև, թե ինչպես էր ԵԼՔ-ը հաստափոր վերլուծություններով փորձում ապացուցել, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի մնալը հիմնազուրկ է և չի բխում մեր պետական շահերից: Բայց արի ու տես՝ այս պահին ոչ միայն ԵԱՏՄ-ից դուրս գալը չի քննարկվում, այլ վարչապետի պաշտոնական այցերի առյուծի բաժինը կատարվել է ՌԴ:
 
Ստելլա Խաչատրյան