Սերժ Սարգսյանի հրաժարականից և Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո շատ հայկական և ռուսական լրատվամիջոցներ սկսեցին գրել, որ Փաշինյանը երկիրն անմիջապես կտանի Արևմուտքի ուղղությամբ, իսկ հայ-ռուսական հարաբերությունները կգտնվեն սառեցման վտանգի տակ: Այս ենթադրություններն արվել էին այն հիմքով, որ ԱԺ-ում Փաշինյանը ղեկավարում էր պրո-արևմտյան քաղաքական ուժ համարվող «Ելք» դաշինքը: Հենց այս խմբակցությունն էր խորհրդարանում նախաձեռնել ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին լսումները:
Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Փաշինյանը հայտարարեց, որ հայ-ռուսական հարաբերությունները ոչ ոքի կողմից չպետք է կասկածի տակ դրվեն: Եվ հենց այս մասին էլ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի անդամներ Արման Ղուկասյանը և Ծովինար Կոստանյանը:
Ինչպես նշեց Ա. Ղուկասյանը, «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբը սոցիոլոգիական հարցում է անցկացրել «Հայ հասարակության սպասելիքների և վստահության աստիճանը նոր կառավարության նկատմամբ»: Ըստ հարցման արդյունքների հասարակությունն ակնկալում է տնտեսական բարելավում, ինչը նաև կապում է այն հանգամանքի հետ, որ նոր կառավարությունն իր գործունեությունը կիրականացնի հայ-ռուսական հարաբերությունների զարգացման և ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում:
Հարցումն անցկացվել է Երևանի և մարզերի 18-60 տարեկան 1200 քաղաքացիների շրջանում:
«Համաձայն հարցման արդյունքների քաղաքացիների վստահության աստիճանը նոր կառավարության հանդեպ միջինը 9 է (1-10 բալանոց սանդղակով): Նրանցից 78%-ը ակնկալում է, որ առաջիկա տարում երկրում տնտեսական իրավիճակի բարելավում կնկատվի, 17%-ն այդ կարծիքին չէ, իսկ 5%-ը դժվարանում է հարցին հստակ պատասխանել », - ասաց Ա. Ղուկասյանը:
Ա. Ղուկասյանը ընդգծեց, որ Ինչ վերաբերվում է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, ապա հարցման մասնակիցների 12%-ի կարծիքով պետք է լուրջ շրջադարձներ իրականացնել, 82%-ը համարում է, որ արտաքին քաղաքականության մեջ լուրջ շրջադարձներ չպետք է իրականացվեն, իսկ 6%-ը ձեռնպահ է մնացել:
Ակումբի մեկ այլ փորձագետ Ծ. Կոստանյանն նշեց, որ հարցման շրջանակներում պարզ է դարձել, որ հարցվողների 56%-ը համարում է ԵԱՏՄ-ն Հայասանի տնտեսական զարգացման առաջնային ուղղություն, 27%-ի համար Հայասանի տնտեսական զարգացման առաջնային ուղղություն է ԵՄ-ն, 63%-ը կարծում է, որ ԵՄ-ի հետ հարաբերությունները պետք է այնպես զարգացնել, որ այն չխանգարի Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին, իսկ 17%-ը գտնում է, որ Հայաստանի համար ԵԱՏՄ-ն ոչ մի իրական շահ չի ներկայացնում, այդ իսկ պատճառով տվյալ ուղղությունը պետք է փոխարինել մեկ ուրիշով:
«Հարցաշարում տեղ գտած վերջին հարցը վերաբերվում էր այն երկրների ցանկին, որոնց հետ Հայաստանի սերտ համագործակցությունն առաջնային է: Հարցման մասնակիցները հնարավորություն ունեին ընտրելու մի քանի տարբերակ և պատկերը հետևյալն է. Ռուսաստան – 74%, Եվրամիություն – 51%, ԱՄՆ – 43%, Վրաստան – 43%, Իրան – 27%, Չինաստան – 22%», - ասաց Ծ. Կոստանյանը:
Ամփոփելով անցկացված հարցման արդյունքները՝ բանախոսներն ասուլիսի վերջում առանձնացրեցին չորս կետ, ըստ որի՝
Ներկա փուլում հայ հասարակության վստահության աստիճանը բավականին բարձր է նոր կառավարության նկատմամբ
Քաղաքացիների ճնշող մեծամասնությունը ակնկալում է տնտեսական բարելավում առաջիկա տարում
Հարցման մասնակիցների մեծ մասը կարծում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձներ չպետք է կատարվեն
Հարցվողները գտնում են, որ ԵԱՏՄ-ն հանդիսանում է Հայաստանի տնտեսական զարգացման համար առաջնային ուղղություն, իսկ ԵՄ-ի հետ հարաբերությունները պետք է այնպես զարգացնել, որպեսզի այն չխոչընդոտի Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին
Հայ հասարակության կարծիքով մի քանի երկրների շարքում Հայաստանի համար Ռուսաստանն առաջին տեղում է, ում հետ հարաբերությունները առաջնային են:
Հատուկ Blognews.am-ի համար