ՀՀ գլխավոր դատախազության տեսադաշտում առաջնային է մնում կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարը, ինչպես նաև մարդու իրավունքների, ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը նպաստելը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ դատախազության 100-ամյակի կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանն իր ելույթում նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նրա խոսքով՝ Հայաստանի հասարակությունն այսօր հստակ արտահայտում է լրջագույն, արդիական և գործունակ բարեփոխումների ենթարկվող, մարդակենտրոն արժեհամակարգով առաջնորդվող իրավապահ համակարգ ունենալու սպասելիքները, որոնք արդարացնելուն այլընտրանք չկա:

«Գիտակցելով մեր ընտրած մասնագիտության հասարակական նշանակությունը՝ հասկանում ենք, որ պետք է առաջ շարժվենք՝ համարձակորեն մերժելով նաև նախկին գործելաոճի՝ հանրության համար ոչ ընկալելի դրսևորումներ, միաժամանակ հիմնվելով ժառանգություն ստացած լավագույն ավանդույթների վրա և լինելով բավականաչափ ճկուն՝ տեղեկատվական դարաշրջանում իրավագիտակցության բարձրացման աննախադեպ ընթացք ապրող մեր հանրության մեծացող պահանջների հանդեպ:
Մենք հպարտանում ենք այն դատախազներով, որոնք ընկալում են այս ազդակները և որոնց համար հանրությանը և օրենքին ծառայելը, «անձնական և մասնագիտական պատիվ» հասկացությունը, իր գործին նվիրվածությունը, պետական մտածողությունը միայն խոսքեր չեն»,- նշեց Դավթյանը:

Նա կարևորեց հասարակության վստահությունն ունենալը և այդ զգայուն ռեսուրսի պահպանմանը զգուշությամբ ու բարեխղճությամբ վերաբերվելը, քանի որ ցանկացած սայթաքում կարող է փլուզել տարիներով, հաճախ դժվարությամբ ձեռքբերված ու վաստակած այդ վստահությունը:

ՀՀ գլխավոր դատախազը նաև անհրաժեշտ համարեց մեծ ուշադրություն դարձնել այն կառույցների գործունեությանը, որոնք նոր սերունդ են կրթում և դաստիարակում:

«Մեր աշխատանքի լավագույն արդյունքներից մեկը պետք է լինի այն, որ հանցավորության մասին հանրային տարածում ստացած ցանկացած հաղորդում այնքան սեղմ ժամկետներում ուսումնասիրվի և հանրայնացվի, որպեսզի մեր անաչառության ու արհեստավարժության վերաբերյալ որևէ կասկած չառաջանա: Ուստի ավելի լայն ենք բացելու մեր դռները քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների առջև՝ շեշտը դնելով առողջ, ներդաշնակ գործակցության վրա»,- ընդգծեց Դավթյանը:

Ըստ Արթուր Դավթյանի՝ Դատախազության աշխատանքի արդյունքում հասարակությունը պետք է դառնա միմյանց հանդեպ առավել հանդուրժող, սակայն միանշանակ լինի անհանդուրժող՝ խորթ, վնասակար ու հանցածին երևույթների հանդեպ:

«Ես վստահ եմ՝ կատարվող օրենսդրական, ինչպես նաև մեր շարունակական բարեփոխումների արդյունքները թույլ կտան առավել բարձրացնել դատախազության հանդեպ բնակչության վստահության չափաքանակը, մեզ ավելի կմոտեցնեն նվիրական այն նպատակին, որ մեր երկրում ապրող յուրաքանչյուր մարդ ապրի ու արարի անվտանգության զգացումով՝ միաժամանակ վստահ լինելով, որ երբևէ հանիրավի չի հետապնդվի»,- եզրափակեց Դավթյանը:

Դատախազության 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: