Կենտրոնական հավաքակայանում արդեն 3-րդ օրն է՝ ընթանում է զորահավաքը։ Այսօր՝ հուլիսի 4-ին, հավաքակայանի բակը դարձյալ մարդաշատ էր՝ զորակոչիկներին ճանապարհելու էին եկել հարզատները։ Ներսում ապագա զինվորներին էին. որոշները համազգեստ էին ստանում, մյուսները՝ անցնում բուժզննում կամ սպասում վիճակահանության արդյունքներին, երրորդներն` առաջին անգամ  ճաշում զորամասում։

ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում թե′ ծնողները, թե′ տղաները, ոգևորված էին։ Ասում էին՝ հպարտ են և ուրախ։ Իր հերթին, ԶՈւ ԳՇ Կազմզորահավաքային վարչության պետ, գեներալ-մայոր Կամո Քոչունցն էլ ասում էր, որ բանակում համալրման խնդիրներ չունեն։

 

«Ընհանուր առմամբ, այս պահին մենք համալրման խնդիրներ, որպես այդպիսին, չունենք, և իրեն արդարացնում է խառը սկզբունքով Զինված ուժերի համալրումը՝ պարտադիր ժամկետային և պայմանագրային ծառայությամբ»,-ասաց Քոչունցը։

ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հարցին, թե Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո՝ գալ արտերկիրց և ծառայել բանակում, արդյո՞ք նկատելի է շարժ, գեներալ-մայորն ասաց, որ դեռ վաղ է ասել։

«Մենք միայն զորակոչի վերջում կարող ենք վերլուծություն կատարել և հասկանալ՝ համեմատելով անցյալ տարվա այս նույն ժամանակահատվածի զորակոչի հետ։ Դեռ երրորդ օրն է, առայժմ չեմ կարող ասել թվեր»,-պատասխանեց գեներալ-մայորը։

 Լիլիթ Հակոբյան