Հայաստանի զինված ուժերում մեկնարկել է ամառային զորակոչը։ Հանրապետության կենտրոնական հավաքակայանում արդեն սկսվել է վիճակահանությունը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ այսօր արդեն զորակոչիկների մի մասը կգնա զորամասեր։ Ամառային զորակոչն անց է կացվում ձմեռայինի նմանությամբ, որևէ նոր բան չկա։ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ, վիճակահանության շնորհիվ զորակոչի արդար կազմակ երպման հանդեպ քաղաքացիների վստահությունը մեծացել է, քանի որ ծնողներն ականատես են լինում ընթացքին:
Մայիսի 16-ին Պաշտպանության նախարարությունում զորակոչային հանձնաժողովի ընդլայնված խորհրդակցություն էր անցկացվել, որի ժամանակ ամփոփվել են 2013-ի ձմեռային զորակոչի արդյունքները, քննարկվել ու առաջադրվել են 2014-ի ամառային զորակոչի պատշաճ կազմակերպման և անցկացման հետ կապված հարցեր:
ՀՀ Պաշտպանության նախարարությունից նաև հիշեցնում են, որ ՊՆ Սեյրան Օհանյանի հրամանով նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2014թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով:
Հանձնաժողովի նախագահ է նշանակվել հասարակական խորհրդի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:
Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան, 5 հասցեում տեղակայված հասարակական խորհրդի աշխատավայրում երկուշաբթի և հինգշաբթի օրերին, ժամը 11.00-16.00-ն:
Դիմում-բողոքներն ընդունվում են հասարակական խորհրդում շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին: Լրացուցիչ տեղեկությունների համար քաղաքացիները կարող են զանգահարել 010523482, 010523486 հեռախոսահամարներով: