Գեղարքունիքի մարզում մեկնարկեց 2016 թվականի ամառային զորակոչը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնից, զինծառայության մեկնումից առաջ նորակոչիկները մարզի տարածքների զինկոմիսարիատներում բժշկական վերջնական զննության ենթարկվեցին: Տարածքային զինկոմիսարները հաջողություն ու բարի ծառայություն մաղթեցին նորակոչիկներին:

 

Գեղարքունյաց թեմի Գավառի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում նորակոչիկներն իրենց հարազատների հետ մասնակցեցին Վարդավառի տոնին նվիրված պատարագին, ստացան թեմի առաջնորդական տեղապահի օրհնությունը: Իսկ մինչ հրաժեշտը Գավառ քաղաքում նորակոչիկները ծաղիկներ խոնարհեցին Հայոց Մեծ եղեռնի անմեղ նահատակների եւ Արցախյան հերոսամարտում ընկած քաջ հայորդիների հիշատակն հավերժացնող հուշարձաններին:

 

Նորակոչիկներին Հայոց բանակ ճանապարհելու արարողությանը մասնակցում էին մարզի ղեկավարները, ովքեր զրուցեցին նորակոչիկների ծնողների հետ՝ հայրենիքի սահմաններն անառիկ պահող վաղվա զինվորներին մաղթելով խաղաղ ծառայություն ու բարի վերադարձ: Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տղաները հրաժեշտ տվեցին իրենց ծնողներին եւ հարազատներին: ՀՀ պաշտպանության նախարարի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ Գեղարքունիքի մարզից Հայոց բանակ մեկնող նորակոչիկները, մինչեւ կենտրոնական հավաքակայան հասնելը, շրջայց կատարեցին Ծիծեռնակաբերդում, եղան Հայաստանի պատմության թանգարանում:

Խոսրով Խլղաթյան