Հուլիսի 2-ին մեկնարկել է 2018 թվականի ամառային զորակոչը: Այսօր պարտադիր զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները:
Զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ԶՈւ ԳՇ ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համակարգված աշխատանքի, օրինական և թափանցիկ զորակոչ ապահովելու նպատակով ներդրված զինծառայության վայրի ընտրության վիճակահանության շնորհիվ զորակոչային գործընթացի իրականացումը դրված է բարձր հիմքերի վրա:
ՀՀ զինված ուժերում ծառայելը, հայրենի եզերքն ու սեփական ժողովրդի անվտանգությունն ապահովելը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական պարտքն է: Անձնվիրաբար ծառայել հայրենիքին' նշանակում է լինել երկրի ու ժողովրդի արժանավոր զավակ: Ուստի կոչ ենք անում ողջ ազգաբնակչությանը սատարել համապետական նշանակության այս միջոցառման իրականացմանը:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2017թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Տեղեկությունների համար զանգահարել 010-52-34-82 հեռախոսահամարով:
Խաղաղ ծառայություն հայրենիքի պաշտպաններին»,- ասվում է ՊՆ հայտարարության մեջ: