Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց բնապահպանների և «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչների հետ:

«Տեսա, թե ինչ ահռելի քանակությամբ ծախսեր են կատարվել, որը, դե յուրե, կառավարության թույտվությամբ է կատարվել։ Մենք մինչ այժմ չենք լսել, որ որևէ կարգ խախտված լինի։ Այդ պատճառով՝ ստուգումներ է պետք սկսել, որը կարևոր է հարցի էությանը հասկանալու համար»,-ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ երկու հիմնարար հարցի պատասխան պետք է տրվի՝ հանքի շահագործումը աղտոտո՞ւմ է ջրահավաք ավազանը և հանքի շահագործումն ազդո՞ւմ է Ջերմուկի՝ որպես առողջարանային քաղաքի վարկանիշի վրա։

«Մենք պետք է հիմնվենք բացառապես փաստերի և ոչ էմոցիաների վրա։ Մենք բոլորս պարտավոր ենք փորձագիտական պատասխանների վրա հիմնվել»,-հավելեց վարչապետը։

Նա նաև նկատեց, որ իրեն ուղղակի, ոչ ստուգված աղբյուրներից շշուկներ են հասել, որ հանքերի հետ կապված պատմության իմաստն այն է, որ որոշ անհայտ անձինք ցանկանում են ստեղծել իրավիճակ՝ Հայաստանին մեծ դատական գործընթացների մեջ ներքաշելու։

Վարչապետի հնչեցրած հարցադրումները դահլիճի կողմից այնքան էլ ընկալելի չէին, այդ պատճառով հանդիպման ընթացքում հակասական ելույթներ էին հնչում դահլիճում՝ ներկաների կողմից։

Վարչապետն առաջարկեց ստեղծել եռակողմ մեխանիզմ՝ իրար հակընդդեմ երկու խմբերի ու կառավարության մասնակցությամբ, որն էլ կգտնի այս հարցերի պատասխանները։