Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով հուլիսի 9-ի երդման արարողությամբ վերստին ստանձնեց Թուրքիայի նախագահի պաշտոնը, նշանակել է նոր կառավարության կազմը: Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, փոխնախագահ է նշանակվել Ֆուադ Օքթայը:
Արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվել է Մևլութ Չավուշօղլուն, ներքին գործերի նախարարի պաշտոնում՝ Սուլեյման Սոյլուն: Նախկինում էներգետիկայի ու բնական պաշարների նախարարի պաշտոնը զբաղեցնող Էրդողանի փեսան՝ Բերաթ Ալբայրաքն այսուհետ կզբաղեցնի ֆինանսների նախարարի, իսկ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Հուլուսի Աքարը՝ պաշտպանության նախարարի պաշտոնը:
Արդարադատության նախարար է նշանակվել Աբդուլհամիթ Գյուլը, աշխատանքի, սոցիալական ծառայությունների ու ընտանիքի հարցերով նախարար՝ Զեհրա Զումրութ Սելչուկը, շրջակա միջավայրի ու քաղաքաշինության նախարար՝ Մուրաթ Քուրումը, էներգետիկայի ու բնական պաշարների նախարար՝ Ֆաթիհ Դոնմեզը, երիտասարդության ու սպորտի նախարար՝ Մեհմեթ Քասաթօղլուն, մշակույթի ու զբոսաշրջության նախարար՝ Մեհմեթ Էրսոյը, ազգային կրթության նախարար՝ Զիյա Սելչուկը, առողջապահության նախարար՝ Ֆահրեթթին Քոջան, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար՝ Մուստաֆա Վարանքը, գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար՝ Բեքիր Փեքդեմիրլին, առևտրի նախարար՝ Ռուհսար Փեքջանը և տրանսպորտի ու ենթակառուցվածների նախարար՝ Ջահիթ Թուրանը:
Նախարարական նոր կաբինետն ունի երկու կին գործիչ:
ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնում Հուլուսի Աքարին փոխարինել է ցամաքային ուժերի հրամանատար Յաշար Գյուլերը: