Հուլիսի 10-ի առավոտյան ոստիկանությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Դիվանատան տարածքից դուրս բերեց այնտեղ գտնվող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամներին։ Նախաձեռնության անդամները Դիվանատանն էին հուլիսի 6-ից և հրաժարվում էին հեռանալ՝ քանի դեռ Գարեգին Բ կաթողիկոսը հրաժարական չի ներկայացրել։ Ոստիկանությունը նաև ազատեց տարածքը վրաններից և ցուցարարների այլ իրերից։
  
Ընդամենը մի քանի ամիս առաջ ներկայիս վարչապետն ինքն էր ցուցարարի կարգավիճակում և իր մաշկի վրա էր զգացել իրավապահ համակարգի անհամաչափ ազդեցությունը: Արդեն վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանության հերթական տոնին հայտարարեց, որ այսօր Հայաստանում ՀՀ քաղաքացիների եւ իրավապահների հաշտեցման գործընթաց է տեղի ունենում: Ոսկի խոսքեր… Ափսոս միայն, որ վարչապետը չնշեց, թե ՀՀ քաղաքացիների որ հատվածն է սկսել հաշտվել ոստիկանության հետ, եթե ոստիկանության գործելաոճը Նոր Հայաստանում դեռևս այնքան էլ չի տարբերվում նախկինում որդեգրված գործելաոճից:
 
Փողոցային պայքարի ժամանակ Փաշինյանն իր կողմնակիցների հետ բազմաթիվ նման չարտոնված ակցիաներ իրականացրեց, «գրավեց» անգամ Հանրային Ռադիոյի շենքը՝ պատճառելով որոշակի գույքային վնաս: Միևնույն դեպքում, փաստենք՝ անգամ այն ժամանակ ոստիկանությունը բիրտ ուժ չկիրառեց Փաշինյանի և նրա կողմնակիցների նկատմամբ՝ դրսևորելով հանդուրժողականություն: Այսինքն, իրավիճակն այսօր փոխվել է դեպի վա՞տը: Որքան տեղյակ ենք՝ Մայր Աթոռի դիվանատանն իրենց պահանջը ներկայացնող ցուցարարները որևէ հակաօրինական քայլերի չեն դիմել և ընդամենը փորձել են իրացնել իրենց սահմանադրական իրավունքները՝ մի բան, ինչն ապրիլին անում էր Նիկոլ Փաշինյանը և ի վերջո հաջողության հասավ:
 
Մի կողմ դնենք անգամ ցուցարարների պահանջի, օրինակ, արդարացի լինել- չլինելը. այստեղ յուրաքանչյուրը կարող է ունենալ իր սուբյեկտիվ կարծիքը, սակայն մի պարագայում, երբ գրեթե ամեն օր պետական քարոզչության մակարդակով խոսվում է խաղի հավասար կանոնների, արտոնությունների վերացման, իրավապահների կամայականությունների և բիրտ գործելաոճի վերանայման մասին՝ նման պատկերին ականատես լինելը դեժավյու է առաջացնում: Եվ նման զարգացումների ֆոնին էլ ավելի հետաքրքիր է դառնում՝ ինչպե՞ս կարձագանքի Փաշինյանը՝ ոստիկանության նման գործելաոճին:
 
Ստելլա Խաչատրյան