ՌԴ Պետդումայի պատգամավոր, ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կասկածել է երկակի խաղի մեջ։ Պատգամավորի խոսքերը մեջբերում է «Говорит Москва» ռադիոկայանը։
Պատգամավորը դա բացատրել է նրանով, որ Փաշինյանը հրաժարվել է ստորագրել ՀԱՊԿ-ի հռչակագրի նախագիծը՝ պատճառաբանելով կազմակերպության կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությանն ուղղված Ադրբեջանի ագրեսիայի քաղաքական գնահատականի բացակայությունը։
«Նիկոլ Փաշինյանը մեզ հետ երկակի խաղ է խաղում։ Մի կողմից նա չի կարող չհասկանալ, որ շատ հայեր դաստիարակված են ռուս-հայկական բարեկամության գաղափարով։ Մյուս կողմից, նրա բոլոր կողմնակիցներն առավոտից երեկո դատապարտում են Ռուսաստանի դավաճանությունը և ՀԱՊԿ-ի անպիտանությունը, որը չի կարող պաշտպանել Հայաստանին Ադրբեջանից»,- ասել է պատգամավորը։
Զատուլինը հավելել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եկել է ՀԱՊԿ գագաթնաժողովին՝ Հայաստանի նկատմամբ հարգանք ցուցաբերելու և այն պաշտպանելու պատրաստակամություն դրսևորելու համար։ Սակայն Փաշինյանը բարդացրեց այս խնդիրը՝ հրաժարվելով ստորագրել փաստաթուղթը, որը հաստատում էր ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը ադրբեջանական զորքերի հետ բախման վայրում։