Այսօր լուրեր տարածվեցին, որ երեկ կալանավայրում վատացել է գեներալ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը, ներքին արյունահոսություն է ունեցել, արյուն է թքել։ Ըստ այդ տեղեկությունների՝ վերջինիս որդին Հայաստան է հրավիրել նրա բժշկին, ով Ֆրանսիայից եկել է հատուկ Մանվել Գրիգորյանի համար։ Տեղեկությունը, որ Ֆրանսիայից ժամանել է Գրիգորյանի բժիշկը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

Ինչ է ախտորոշել բժիշկը հարցին ի պատասխան Նավիկյանը նշեց, որ Ֆրանսիայից ժամանած բժիշկն իր հերթական բուժումներն է արել, սակայն հերքեց ներքին արյունահոսության մասին լուրերը. «Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը բավարար է: Դատապարտյալների հիվանդանոց տանելու կարիք դեռևս չկա, եթե լինի՝ կտեղափոխվի: Նախկինում ստացած դեղերը շարունակում է ստանալ»,- ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա:

 

Նշենք, որ այսօր մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Մանվել Գրիգորյանին է այցելել նաև Ֆրանսիայից ժամանած նրա բժիշկը՝ Նորբերտ Ավետյանը։ Վերջինիս ԱԱԾ-ն թույլատրել է տեսակցել իր հիվանդին: 

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալեց ԱԺ պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին, ապօրինի զենք-զինամթերք և զինվորների համար նախատեսված պարենամթերք պահելու մեղադրանքով։ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։ Պատգամավորի ձերբակալության մասին համապատասխան կարգով տեղեկացվել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։ ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող, Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները: Տեսանյութում երևում է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: