2018 թվականի հուլիսի 17-18-ը ՀՀ արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Թբիլիսիում ընթացող Բաց կառավարման գործընկերության 5-րդ համաշխարհային գագաթնաժողովին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այն նվիրված էր որոշումների կայացմանը քաղաքացիական ներգրավվածության ապահովմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և հանրային ծառայությունների առավել արդյունավետ մատուցմանը։ Գագաթնաժողովի նպատակներն էին նաև նպաստել համագործակցային ուսուցմանը, ոգեշնչել բաց կառավարման գործընկերներին բարձրացնել հավակնությունների մակարդակը և առաջ մղել բաց կառավարության օրակարգը՝ նոր մարտահրավերներին դիմակայելու և աշխարհում քաղաքացիների կյանքը բարելավելու համար։
Գագաթնաժողովի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարը հանդես է եկել ելույթով' ներկայացնելով Հայաստանում այս տարվա ապրիլ մայիսին տեղի ունեցած թավշյա հեղափոխության արդյունքներով ձևավորված նոր կառավարության առաջնահերթությունները, կոռուպցիայի դեմ պայքարի և որոշումների կայացման գործընթացում քաղաքացիական հասարակության դերի բարձրացման ուղղությամբ նախատեսվող քայլերը, ինչպես նաև ՀՀ կառավարության ջանքերն ուղղված Արևելյան գործընկերության «20 արդյունք մինչև 2020-ը» փաստաթղթի արդյունավետ և լիարժեք կատարմանը:
Նախարարը մասնակիցներին է ներկայացրել նաև հեղափոխությունը բարեփոխումների կայուն գործընթացի վերածելու Կառավարության տեսլականը:
Արդադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը գործընկերներին ներկայացրել է հանրային ծառայությունների մատուցման ոլորտում Կառավարության կողմից կիրառվող և ծրագրավորված նորարարական մոտեցումները:
Գագաթնաժողովը ծառայել է որպես արդյունավետ ձևաչափ ԲԿԳ անդամ պետություններում իրականացվող բարեփոխումների և համշխարհային մասշտաբով նորարարության զարգացման ու կիրառման տենդենցների վերաբերյալ մտքերի գործընկերային փոխանակության, ինչպես նաև երկկողմանի հանդիպումների համար:
Այսպես, գագաթնաժողովի ձևաչափում նախարարն ունեցել է տարբեր հանդիպումներ Բաց կառավարման գործընկերության քարտուղարության ներկայացուցիչների, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարի օգնականի և այլ պաշտոնատար անձանց հետ:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը Վրաստանի իր գործընկերոջ՝ Թեա Ցուլուկիանիի հետ հանդիպման ընթացքում քննարկել է արդարադատության ոլորտում համագործակցության ուղղություններն ու նախանշել դրանք խորացնելու լուրջ հանձնառությունն ու ներուժը:
Նախարար Զեյնալյանը մասնակցել է նաև Վրաստանի, Արգենտինայի, Ալբանիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի իր գործընկերների հետ «Stand Up For Justice» խորագրով քննարկմանը, որտեղ նախարարները ներկայացրել են ՄԱԿ Կայուն զարգացման նպատակների իրագործման ազգային գործողությունների ծրագրերը և անդրադարձել իրենց երկրներում արդարադատության մատչելիությանն առնչվող քայլերին ու մարտահրավերներին: