«Հրապարակ» թերթը գրում է.
Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը գրավոր առաջարկ է ուղղել Նիկոլ Փաշինյանին, որ միջոցներ ձեռնարկվեն հայ-թուրքական, մասնավորապես՝ Գյումրի-Կարս երկաթգիծը վերաբացելու ուղղությամբ, որը փակվել է 1993-ին՝ ղարաբաղյան հակամարտության հետեւանքով։
Թուրքիան, ի նշան Ադրբեջանին աջակցության, դադարեցրեց երկաթգծի աշխատանքը, եւ սահմանը փակվեց: Հետագայում շատ փորձեր արվեցին դիվանագիտական հարաբերություններ ստեղծելու ուղղությամբ, Սերժ Սարգսյանի օրոք հայ-թուրքական արձանագրություններ ստորագրվեցին՝ ապարդյուն։
Շիրակի մարզպետն օրերս հյուրընկալել է սփյուռքահայ գործարարների եւ քննարկել ՀՀ-ում, մասնավորապես՝ Շիրակում, բիզնեսի խնդիրները։ Զրուցակիցներից մեկը նշել է, որ եթե սահմանը բացվեր, եւ երկաթգիծն աշխատեր, տուրիզմը թափով կզարգանար, եւ մարզպետը որոշել է, որ վարչապետին ուղղված իր նամակը բավական է, որ սահմանը բացվի, եւ Թուրքիայի հետ շփումը վերականգնվի։