Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելուց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը չի պատրաստվում հրաժարվել. հարցը պատրաստվում են քննարկել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ Վանեցյանը:

«Ես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնելու վերջնական որոշում դեռևս չունեմ: Չեմ թաքցնում` ունեմ ցանկություն: Եթե որոշեմ դնել իմ թեկնածությունը, ավելի վաղ կհայտարարեմ դրա մասին»,- ասաց նա: 

 

Անդրադառնալով հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ լեգենդների՝ Երևանում կայացած հանդիպման ժամանակ իր ներկայությունը քա՞յլ էր դեպի ՀՖՖ նախագահի պաշտոնը, Վանեցյանը նշեց, որ ինքը պարզապես շատ է սիրում  ֆուտբոլ և երկրպագում էր Ֆրանսիային, ուստի իմանալով, որ վարչապետը ներկա է գտնվելու, որոշել էր ուղեկցել նրան:

«ՀՖՖ-ում փոփոխություններ են իրականացվում, կարգավիճակներ են հստակեցվում: Իրավաբանական անձանց միությունը դառնալու է հասարակական կազմակերպություն և ՈւԵՖԱ-ի և ՀՖՖ-ի հետ ժամկետներ հստակեցնելուց հետո նոր ֆեդերացիայի ընտրությունները հավանաբար կլինեն սեպտեմբերի 10-15-ի ժամկետներում»,- ասաց նա:

Վանեցյանը նշեց նաև՝ եթե Յուրի Ջորկաեֆը համաձայնի ստանձնել ֆուտբոլի ֆեդերացիայի  նախագահի պաշտոնը, ապա ինքը կզիջի: Արթուր Վանեցյանը նաև նկատեց, որ եթե ինքը ստանձնի այդ պաշտոնը, ապա փոփոխության է ենթարկվելու գործկոմի կազմը, որի կազմում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը և Հանրապետական կուսակցության անդամներ։   

Հարցին՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի բիզնեսներում, ֆեդերացիայում ԱԱԾ-ն ստուգումներ իրականացրե՞լ է, կամ պատրաստվո՞ւմ է իրականացնել, Վանեցյանը պատասխանեց.

«ԱԱԾ-ն երբեք չի մտել ֆեդերացիա, բայց մենք բազմիցս նշել ենք՝ անկախ անձի զբաղեցրած պաշտոնից, դիրքից, անունից, եթե մենք ստանանք ստույգ ինֆորմացիա, որ այս կամ այն մարդը խախտում է արել, ապա համապատասխան գործողություններ կիրականացնենք»,- նշեց նա: