Օրեր առաջ տեղեկատվություն տարածվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպման մասին: Քննարկման գլխավոր, առանցքային հարցը Արցախն էր: Արցախի վերաբերյալ Տեր-Պետրոսյանի մոտեցումները գաղտնիք չեն, հիշում ենք նաև նրա մոտեցումները «ոչ մի թիզ հող» սկզբունքից կառչածների հանդեպ. նրանց Տեր-Պետրոսյանը համարում էր պետության անվտանգությանը սպառնացող թիվ մեկ վտանգը: Երեկ՝ դատարանում՝ «Սասնա Ծռերի» դատավարության ընթացքում տեղի ունեցավ միջադեպ, որը կարելի է դիտարկել իբրև «Ծռերի» պառակտման որոշակի դրսևորում: Ո՞ւմ է դա անհրաժեշտ և ինչո՞ւ է նման գործընթացը սկսվում անմիջապես Փաշինյան-Տեր-Պետրոսյան հանդիպումից հետո: Գուցե կա անհրաժեշտություն չեզոքացնե՞լ, այսպես կոչված, «ոչմիթիզհողականներին»…
 
Որքան էլ որ Փաշինյանն այս պահին հայտարարի, որ պատրաստ չէ բանակցել Ալիևի հետ, և որոշակիորեն փորձի հետաձգել բանակցային գործընթացը, ակնհայտ է, որ Արցախյան հակամարտության հարցում Փաշինյանին շտապեցնողներն էլ քիչ չեն: Տեր-Պետրոսյանը, որի հետ Փաշինյանը քննարկել է Արցախյան հակամարտության կարգավորումը, երբևէ չի թաքցրել, որ կողմ է կոնֆլիկտի լուծման «փուլային» տարբերակին: Դա, ինչպես գիտենք, ենթադրում է դիվանագիտական հարթակում և մամուլում հաճախ հոլովվող 5 շրջանների հանձնումը: «Փուլային» տարբերակի մասին վերջերս խոսել է նաև ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշևը Արմեն Գրիգորյանի հետ՝ իր ունեցած հանդիպման ժամանակ: Ռուսական կողմն ընդհանրապես հաճախ է ակնարկում հակամարտության կարգավորման այս տարբերակի՝ լավագույնը լինելու մասին, սակայն, մասնավորապես, Գրիգորյանի կողմից՝ այդ ակնարկները մնացել են անպատասխան:
 
Այս համատեքստում խնդրի լուծման երեք տարբերակներ գոյություն ունեն՝ պատերազմ, շրջանների հանձնումը՝ փոխզիջումային տարբերակով, սակայն թե ինչ է մեզ պատրաստ զիջել հակամարտության մյուս կողմը՝ չի նշմարվում, և տարբերակ, որին ապավինում էին Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, այն է՝ ժամանակ ձգել առնվազն 10 տարի, սակայն Փաշինյանի դեպքում էլ հարց է՝ նա ունի՞ 10 տարի իշխանություն պահելու ռեսուրս, թե՝ ոչ: Հետևաբար, Փաշինյանին այս հարցում շտապեցնում են և դրանով է պայմանավորված նաև Արևմուտքի կողմից «քսակները չբանալու» քաղաքականությունը: Մասնավորապես, երեկ ԱՄՆ դեսպան Միլսը հայտարարեց, որ խոշոր ներդրումների մասին դեռևս խոսք գնալ չի կարող: Այսինքն՝ քանի դեռ լուծված չէ Արցախյան հակամարտությունը՝ Փաշինյանի կառավարությունը շոշափելի աջակցության չի արժանանալու: Գուցե դրանով է պայմանավորված հայտնի մոտեցումներով աչքի ընկած Առաջին նախագահի ակտիվացումը, ում կարող են ակտիվացնել, ինչպես դա արեցին նախկին իշխանությունները՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:
 
Այն ժամանակ Տեր-Պետրոսյանի քաղաքական ուժի կարգախոսը դարձավ «Խաղաղություն, հաշտություն ու բարիդրացիություն»: Ինչո՞ւ հանկարծ Լևոն Տեր-Պետրոսյանը որոշեց Ադրբեջանի հետ խաղաղության ու անվտանգության թեման դարձնել նախընտրական շրջանի Կոնգրեսի քարոզչության գլխավոր ու միակ թեման՝ անտեսելով սոցիալ-տնտեսական ու քաղաքական խնդիրները: Ավելին, այդ խնդիրների առկայությունը նա սկսեց բացատրել պատերազմական իրավիճակով: 2017-ի մարտի 28-ին «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում առաջին նախագահը բառացի հայտարարեց. «Այո՛, կոռուպցիայի, ալան-թալանի գլխավոր պատճառը ղարաբաղյան պատերազմն է»: Իսկ ՀՀԿ փոխնախագահ, հանրապետականների քարոզչության պատասխանատու Արմեն Աշոտյանը այն ժամանակ դրվատեց Լևոն Տեր-Պետրոսյանին անվտանգության թեման քաղաքական օրակարգում ակտիվացնելու համար: Այսինքն ՝ դեռևս այն ժամանակ իշխանությունները փորձում էին օգտագործել Տեր-Պետրոսյանի խաղաքարտը հիմնավորելու համար տարածքների հավանական հանձնումը:
 
 
Եվ այսօր, երբ կրկին ակտուալ է այդ խնդիրը առնվազն տարակուսելի է Փաշինյանի հանդիպումը հենց Տեր-Պետրոսյանի հետ և այն էլ՝ Արցախյան հակամարտությունը քննարկելու նպատակով: Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ որքան էլ որ Տեր-Պետրոսյանի մոտեցումները դիտարկվում են իբրև պարտվողականության քարոզ, դրանք ամեն դեպքում իրենց մեջ պարունակում են պրագմատիզմի տարրեր՝ հակադրվելով հայրենասիրական կենացներին և ռեալ պոլիտիկից կրտված հայտարարություններին և ընկալումներին: