Այս պահին Վճռաբեկ դատարանի դիմաց մեծ թվով աջակիցներ բողոքի ակցիա են իրականացնում ի պաշտապնություն 3 տարի ազատազրկման դատապարտված, «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով» անազատության մեջ մնացած միակ դատապարտյալ Արթուր Մովսիսյանի: Նրանք պահանջում են վերջինիս խափանման միջոցի փոփոխությունը։

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտնել էր, որ Արթուր Մովսիսյանը անժամկետ հացադուլ է հայտարարել, ինչն անհամատեղելի է նրա առողջական վիճակի հետ: Արթուր Մովսիսյանը հայտարարել էր. «Այստեղից 2 ճանապարհ ունեմ՝ տուն կամ գերեզման»:

 

Ըստ փաստաբանի՝ Արթուր Մովսիսյանի հացադուլի իրական մեղավորներն իրավապահ մարմիններն են: Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում. 

«1. ՀՔԾ-ն, որի քննիչները կամայականորեն առանձնացրին Արթուրի գործը:

2. Դատախազությունը, որն ի կատարումն Սերժի պատվերի՝ մինչ օրս պնդում է, որ Արթուրը միայնակ է եղել կազմակերպված խմբի կազմում:

3. Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները, որոնք Սերժից ստացած կնիքով վավերացրին ապօրինի և շինծու մեղադրանքը:

4. Վճռաբեկ դատարանը, որը որոշել է գործել «օրենքի տառին համապատասխան»:

Այս կառույցներն էին, որ ՀՀ քաղաքացի Արթուր Մովսիսյանին 7 ամիս ժամկետով հանձնեցին պուտինյան բանտին: Այդ կառույցներում Հայի, ՀՀ քաղաքացու մասին մտածող չկար: Նրանք մտահոգված էին միայն պատվիրված գործը ավարտին հացնելու և սերժին հաճելի ծառայություն մատուցելու մասին:

Լա՛վ իմացեք, Արթուր Մովսիսյանը ԱՆՊԱՐՏ Է, բանտախցում նա ԱԶԱՏ Է, իսկ դուք՝ մեղավոր և կալանված ձեր աշխատասենյակներում»,- գրել է Պապիկյանը:

Հիշեցնենք՝ Ժիրայր Սեֆիլյանի գործի շրջանակներում, սեֆիլյանին աջակցելու մեջ մեղադրվող Արթուր Մովսիսյանը գտնվում է անազատության մեջ: Նա ձերբակալվել է Մոսկվայում, և իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այս գործով մեղադրվող բոլոր անձինք ազատ են արձակվել, բացի Արթուր Մովսիսյանից: Վճռաբեկ դատարանը չի փոխում Արթուր Մովսիսյանի խափանման միջոցը, իսկ Արթուրը, ի նշան բողոքի, հայտարարել է հացադուլ:

 

 Սոնա Հարությունյան