«Ռեստարտ» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանը, Յուրի Ավագյանը, Գարիկ Միսկարյանն ու ևս մի քանի հոգի, քիչ առաջ ԱԱԾ շենքի առաջ իրականացրին բողոքի ակցիա: Նրանք պնդում են, որ հեղափոխությունը չի մտել ոչ դատական, ոչ իրավապահ համակարգ:

«Մենք մեր նախաձեռնությունը սկսում ենք ԱԱԾ շենքից, քանի որ ուզում ենք ասել` մենք չենք վախենում ԱԱԾ-ից, մենք չենք վախենում բոլոր այն մարդկանցից, որոնց կապն այս կառույցի հետ արդեն խիստ կասկածելի է: Այս մարմնի անգործության պատճառով մեր երկրում տեղի է ունենում անթույլատրելին: Իրավապահ համակարգը անգործ է, ոչինչ չի ձեռնարկում ատելության խոսք տարածողներին պատժելու համար»,-ասացին ակցիայի մասնակիցները:

Նրանք ԱԱԾ-ին հանձնեցին դատարկ թուղթ, որպեսզի դրա վրա գրվեն բոլոր այն վիդեոբլոգերների անունները, ովքեր գործում են ԱԱԾ-ի հովանավորության տակ:

 

«Ֆեյքերի գրառումներն այլևս չենք արհամարհելու, որովհետև ֆեյքեր չեն, որովհետև իրական մարդիկ են, ովքեր փորձում են երկրում ստեղծել անպատժելիության մթնոլորտ: Մենք այդ մարդկանց, այդ վիդեոբլոգերների անուններն իմանալու համար այս դատարկ թուղթը հանձնում ենք ԱԱԾ-ին, որովհետև կասկածից վեր է, որ մի շարք մարդիկ գործում են կոնկրետ կառույցների, նաև ԱԱԾ-ի հովանավորության ներքո»,-ասաց Դավիթ Պետրոսյանը:

Դավիթ Պետրոսյանը պնդեց, որ նոր իշխանությունները պետք է անցյալին իրավական գնահատական տան, նոր Հայաստանում չպիտի մնա հին իրավական համակարգը: Ակցիայի մասնակիցները տեղեկացրին, որ վաղը փորձելու են հանդիպել ոստիկանապետի հետ, բացի այդ լինելու են մի շարք այլ բաց հանդիպումներ իրավապահ մարմինների ղեկավար օղակների հետ: