Շանթ Հարությունյանի և ընկերների գործով դատապարտված Վարդան Վարդանյանը և Լիպարիտ Պետրոսյանը քրեակատարողական հիմնարկ են տեղափոխվել: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ը տեղեկացավ Լիպարիտ Պետրոսյանի Facebook-ի էջից:
Նրանց սոցիալական արձակուրդն ավարտվել է. աշխատանք չեն գտել, նորից վերադարձել են ՔԿՀ:
«Արա լավ, ինչքան կարելի է ձեռ առնել: Երեկվանից ինձ ու Վարդան Վարդանյանին նորից բանտեցին, պատճառաբանությունը` բա թե դատախազության մոտ կարող է հարցեր առաջանան, թե ինչու՞ են մեզ սոցիալական արձակուրդ տրամադրում: Յանի՝ հա էլի, բավարարվեք այդքանով ու կրեք ձեր չարած հանցանքի պատիժը: Ազատություն Շանթին, Վարդանին ու երևի ինձ:
Հ.Գ. Նադաելո ուժե, Նոր Հայաստանում անմեղ բանտարկյալ կա»,- գրել է Պետրոսյանը:
Այս ընթացքում, եթե նրանք աշխատանք գտնեին, ապա արձակուրդի ավարտից հետո անցնելու էին կիսափակ ռեժիմի, այսինքն՝ ցերեկն անցկացնելու էին աշխատավայրում, իսկ երեկոյան վերադառնալու էին քրեակատարողական հիմնարկ: Նրանք իրենց աշխատանք տրամադրելու հարցով նամակ էին գրել վարչապետին, սակայն պատասխան այդպես էլ չեն ստացել: