«Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանի գործով Վերաքննիչ դատարանում նիստը կկայանա դեկտեմբերի 12-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը: Նրանք բողոքարկել են Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նոյեմբերի 19-ին որոշումը, որով բավարարել էր վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը եւ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանին ուղարկել Նուբարաշենի հոգեբուժարան՝ երկու ամիս ժամկետով դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն անցնելու։
Փաստաբանն ասաց, որ տեսակցել է «Նուբարաշենի» հոգեբուժարանում գտնվող Շանթ Հարությունյանին, նրա վիճակը նորմալ է:
Հիշեցնենք, որ 2008թ. Մարտի 1-ից հետո «Յոթի գործով» անցնող Շանթ Հարությունյանը, որը մեղադրվում էր ՔՕ 225 հոդվածի 1-ին մասով («Զանգվածային անկարգությունների կազմակերպում»), 2009թ. մայիսի 13-ին ազատ արձակվեց փորձագետների եզրակացության հիման վրա՝ առ այն, որ Շանթ Հարությունյանը «հանցագործություն կատարելու պահին անմեղսունակ է եղել»։