Այսօր արդեն չորրորդ օրն է, որ Շանթ Հարությունյանը գտնվում է հոգեբուժարանում: Նրա փաստաբան Ինեսսա Պետրոսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց, որ ինքը իր պաշտպանյալին մեկ անգամ է հանդիպել Շանթին հոգեբուժարան տեղափոխելուց հետո հաջորդ օրվա առավոտյան:

 

«Ես Շանթին տեսակցել եմ հինգշաբթի առավոտյան, ասեմ, որ ինքն իրեն լավ էր զգում, ասաց, որ անձնակազմի կողմից որեւէ խտրական վերաբերմունքի չի արժանացել, հակառակը նրան լավ են վերաբերվում: Բայց այնուամենայնիվ մենք դժգոհ ենք նրա նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննության նշանակումից, քանի որ առողջ մարդու հետ պարզապես չի կարելի նման կերպ վարվել»,-ասաց փաստաբանը:

 

Ինեսսա Պետրոսյանն ասաց նաեւ, որ ինքը պատրաստվում է վերաքննիչ բողոք ներկայացնել:

 

«Վերաքննիչ բողոք եմ պատրաստում, այն կներկայացվի դատարան Շանթին ստոցիոնար դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու համար»: Փաստաբանն ասաց, որ մանրամասների մասին կտեղեկացնի լրատվամիջոցներին:

 

Նշենք նաեւ, որ Շանթ Հարությունյանին հոգեբուժարանում էլ արգելում են տեսակցել հարազատներին: Նա ընտանիքի անդամներին չի հանդիպել:

 

Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Շանթ Հարությունյանին ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին քննչական խմբի ղեկավար Ս. Տոնոյանի

 

միջնորդությունը, եւ նոյեմբերի 19-ին Շանթ Հարությունյանին տեղափոխեցին հոգեբուժարան:

 

Նշենք, որ Շանթ Հարությունյանը կալանավորվել է նոյեմբերի 5-ին Երևանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերի ժամանակ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: Հայտնի է, որ նա չի ընդունում իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը: Հայտնի է նաեւ, որ Շանթ Հարությունյանը չի ընդունում, որ ինքը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի: