Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած դեպքի հետևանքով տուժած Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի ներկայացրած բողոքի քննությունը: Դատավորը որոշեց բողոքը հանձնել դատարանի նախագահին: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Հայկ Ալումյանը:
Նշենք, որ փաստաբանը բողոքել էր գործի առթիվ ձերբակալված Սուրիկ Խաչատրյանի որդի Տիգրան Խաչատրյանի և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին քննիչի որոշման դեմ:
«Որոշեցին նախկին երկու բողոքների նման սա էլ փոխանցեն դատարանի նախագահին, այսօր նույն որոշումը կայացվեց նաև 3-րդ դատավորի կողմից, երեք որոշումներն իրար հետ միասին հանձնվել են դատարանի նախագահին, որպեսզի նա այդ երեք որոշումները հանձնի դատավորներից մեկն ու մեկին իր վարույթում երեքն էլ քննելու համար»,- ասաց Հայկ Ալումյանը:
Դատավորի այդ քայլի մեջ ինքն անձամբ տարօրինակ բան չի տեսնում: Իսկ այդ հարցում անօրինական ինչ-որ քայլեր, ճնշումներն իր նկատմամբ փաստաբանը բացառեց: