«Լոռի» ֆուտբոլային ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը հայտարարել է, որ ողջունում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հնարավոր թեկնածության առաջադրումը:

«Այսօր շրջանառվում է պարոն Վանեցյանի՝ ՀՖՖ նախագահ ընտրվելու հարցը, որը հասարակական հնչեղություն է ստացել: Պարոն Վանեցյանին ճանաչում եմ երկար տարիներ: Այդ ընթացքում մեր միջեւ ձեւավորվել են մարդկային փոխադարձ հարգալից հարաբերություններ: Մեր բազմաթիվ հանդիպումների ընթացքում քննարկումների հիմնական թեմաներից մեկը եղել է ֆուտբոլը: Լինելով «Լոռի» ՖԱ-ի հիմնադիրը եւ հանդիսանալով ՀՖՖ Գործկոմի անդամ՝ միանգամայն դրական վերաբերմունք ունեմ պարոն Վանեցյանի կողմից հայկական ֆուտբոլի ղեկավարությունը ստանձնելու հարցի վերաբերյալ: Ինձ հայտնի է պարոն Վանեցյանի՝ հայկական ֆուտբոլի զարգացման տեսլականը, որի շուրջ ունեցել ենք բուռն եւ արդյունավետ քննարկումներ: Այն միանգամայն համահունչ է իմ մոտեցումներին եւ պատկերացումներին: Հետեւաբար՝ «Լոռի» ՖԱ-ն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում կպաշտպանի պարոն Վանեցյանի թեկնածությունը»,- նշել է Գրիգորյանը:

 

Ավելի վաղ Վանեցյանին աջակցելու պատրաստակամություն են հայտնել «Ալաշկերտ»-ը, «Բանանց»-ը, «Փյունիկ»-ը, «Շիրակ»-ը, «Գանձասար Կապան»-ը, «Արցախ»-ը: