Հայտնի է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը ժամանակավորապես կասեցրել է որոշ հասարակական կազմակերպությունների անդամությունը ՀՖՖ-ին։ ԼՈՒՐԵՐ․com-ը ՀՖՖ մամուլի խոսնակ Հայկ Կարապետյանից հետաքրքրվեց՝ ո՞րն է այս որոշման պատճառը և կա՞ արդյոք ժամանակահատված, որի ընթացքում դրանց գործունեությունը կվերականգնվի։

Նրա խոսքով՝ ՀՖՖ գործկոմը դադարեցրել է ՀԿ անդամների գործունեությունը մինչև դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ արտահերթ ժողովի կայացումը․ «Նախորդ գործկոմի նիստից հետո ՀՖՖ պաշտոնական կայքով հայտարարություն եղավ որոշ կազմակերպությունների գործունեությունը կասեցնելու վերաբերյալ՝ հիմք ընդունելով ՀՖՖ կանոնադրության 17-րդ ենթակետի դրույթները։ Ըստ որի՝ դրանք զրկվել են իրենց գործունեությունից որոշ ժամանակահատվածում ՀՖՖ կանոնադրության նշված կետին համապատասխան որոշակի պարտավորություններ կոպտորեն խախտելու հետևանքով, կամ օրինակ՝ վերջին 2 տարում ֆուտբոլային գործունեություն չծավալելու համար»,- ասաց նա՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր ՀԿ-ինը առանձին դեպք է, ուստի նայենք վերոնշյալ կետը։ 

ՀՖՖ մամուլի խոսնակը նշեց, որ ժողովը կա՛մ կհաստատի կասեցումը գործկոմի կողմից, կա՛մ կմերժի, որից հետո համապատասխան ընթացք կստանա նրանց հետագա գործունեությունը․ «Խոսքը թվով 7 ՀԿ-ի մասին, է այսօր կայացած գործկոմի նիստին որոշվեց ևս 2 ՀԿ-ի գործունեության կասեցումը մինչև ժողով, որից հետո կորոշվի դրանց «ճակատագիրը»»,- նշեց նա։  

Ըստ խոսակցությունների՝ ՀԿ-ների գործունեությունը կասեցվել է այն պատճառով, որ դրանք առնչություն ունեն ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված 2 թեկնածուի՝ Թովմաս Գրիգորյանի և Խորեն Հովհաննիսյանի հետ, քանի որ մտավախություն կա, որ դրանք վերջիններիս կողմից կարող են օգտագործվել որպես վարչական լծակ։ Ի պատասխան մեր հարցի՝ ՀՖՖ մամուլի խոսնակն ուղղորդեց մեկնաբանություն  ստանալ հենց այս 2 թեկնածուից․ «Ես արդեն նշեցի, որ ՀԿ-նորի գործունեությունը կասեցվել է ֆեդերացիայի համապատասխան կետի դրույթներից ելնելով»,- ասաց Հայկ Կարապետյանը։ 

Թեմայի շուրջ պարզաբանումներ ստանալու համար կապ հաստատեցինք այդ ՀԿ-ներից մեկի՝ «Հայկական ֆուտբոլի զարգացման» հիմնադրամի հետ, որի ներկայացուցիչը մեզ հետ զրույցում ասաց, որ հիմնադրամում մեղադրում են Մելիքբեկյանին՝ իր անձնական շահը ֆուտբոլի շահից վեր դասելու մեջ:

 

Մեր զրուցակցի կարծիքով՝ ՀՖՖ Գործադիր կոմիտեի կայացրած որոշման հիմքում ընկած է կողմերին բաժանել յուրայինների և ոչ յուրայինների սկզբունքը. «Դա անընդունելի է, հատկապես մեր կազմակերպության դեմ, որը 2004 թվականից ի վեր կանգնած է հայկական ֆուտբոլային ընտանիքի կողքին: Մեր կազմակերպությունը աջակցել է Հայաստանի առաջնության մասնակից թիմերից շատերին, բազմաթիվ անգամ օգնել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին՝ կազմակերպելով նրանց վիրահատությունները արտերկրում և վերականգնողական գործընթացը»:

Հիմնադրամի ներկայացուցիչը նաև նշեց, որ, ենթադրաբար, ՀՖՖ Գործադիր Կոմիտեի որոշման հիմքում ընկած է հիմնադրամի նախագահի և ՀՖՖ նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանի միջև ընկերությունը. «Հավանաբար ՀՖՖ-ում կարծում են, որ մեր կազմակերպությունը պետք է ձայնը տա Թովմաս Գրիգորյանին, ուստի այս կերպ մեզ զրկում են ընտրության հնարավորությունից»,- ասաց նա՝ հավելելով, որ օրինական բոլոր միջոցներով պայքարելու են իրենց ձայնի վերականգման համար: