Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի 2017 թվականի առաջնության խմբային փուլում оրերս Երևանում 5:0 հաշվով զիջեց Ավստրիային: Մարզադաշտում ներկա փոքրաթիվ ֆուտբոլասերները, տեսնելով խայտառակությունը, բացահայտ կերպով երկրպագում էին Ավստրիային՝ ծաղրելով մեր խաղացողներին: Սա ոչ միայն ցավալի, այլև վտանգավոր երևույթ է: Այս կերպ շարունակվելու դեպքում ֆուտբոլասերն ուղղակի ատելությամբ կլցվի հայկական ֆուտբոլի նկատմամբ: Չեխիայի՝ մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մեկնարկային խաղով Հայաստանի հավաքականը գերխայտառակ պարտություն է կրել: Մեր ֆուտբոլիստները 7:0 հաշվով զիջել են չեխերին: Նշենք, որ այս ենթախմբում ընդգրկված են նաև Թուրքիայի և Իսրայելի հավաքականները: Այսինքն, մեր խայտառակություններն ավելի ցավալի կարող են դառնալ.
Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ 2018 թվականի աշխարհի առաջնությունում մեր հավաքականի ձախողվելու դեպքում հրաժարական կտա: Իսկ ձախողում՝ նշանակում է չտիրանալ եզրափակիչ փուլի ուղեգրին: Մեր հավաքականի վերջին ձախողումներից հետո շատերն են հիշատակում Ռուբեն Հայրապետյանի խոսքերը: «Եթե չստացվի, ես հեռանալու եմ: Ես գնում եմ: Երբ եմ ասել, թե այս շրջափուլը չեղավ՝ ես կգնամ: Ես ստախոս չեմ: Ես իմ խոսքը պահում եմ. եթե չկարողացա կարգավորել՝ գնալու եմ: Հայկական առաջնությունում տոտալիզատոր է մտել, եթե չկարողանամ վերացնել, գնալու եմ: Եթե անկարգապահությունը չկարողանամ վերացնել, գնալու եմ: Հաճույքով կգնամ, ուղղակի հիմա թասիբի են գցել, դրա համար չեմ գնում»,- ասել էր Հայրապետյանը:
Մեր ազգային հավաքականը ձախողվեց, մյուս հավաքականներnն այդ ճանապարհին են, տեսնես հիմա ո՞վ և ինչո՞վ է թասիբի գցում Ռուբեն Հայրապետյանին, որ վերջինս չի կատարում իր իսկ տված խոստումը և չի ազատում հայկական ֆուտբոլն այս, մեղմ ասած՝ մղձավանջից: Հայրապետյանին պաշտպանող հանրապետականները՝ Էդուարդ Շարմազանովը, Հրայր Թովմասյանը և մյուսները միաբերան պնդում էին, որ մարդը մանկապատանեկան ֆուտբոլ է զարգացնում, ահռելի ավանդ ունի այդ գործում, պետք է սպասել, քանի որ արդյունքներն այդքան շուտ երևան գալ չեն կարող: Թերևս Ռուբեն Հայրապետյանի «հսկայական ավանդի» շնորհիվ էլ արձանագրվեցին վերոնշյալ խայտառակ պարտությունները: Համաձայնե՛ք՝ բոլորը կնախընտրեին չունենալ ակադեմիաներ, սակայն դրանց փոխարեն ունենալ ֆուտբոլ: Ակադեմիաներով ֆուտբոլ չեն կառուցում: Ֆուտբոլ ունենալու համար ֆուտբոլը պետք է վստահել ֆուտբոլից հասկացող մարդու, որը երկրում կստեղծի ֆուտբոլային մթնոլորտ: Մթնոլորտի առկայության դեպքում երեխան ֆուտբոլիստ կդառնա նույնիսկ ասֆալտի վրա պարապելով: Ֆուտբոլային մթնոլորտի դեպքում մարդիկ ցանկություն կհայտնեն թիմեր բացելու և մասնակցելու Հայաստանի առաջնությանը: Կուտակված գորշ ամպերի պարագայում քչերը կցանկանան ներդրումներ կատարել, թիմեր ստեղծել, մասնագետներ հրավիրել, բայց Հայրապետյանն այդ ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկում, դեռ ավելին՝ չի էլ մտածում հրաժարականի մասին;
Հրաժարականի ու դրա հիմնական պատճառաբանության՝ ձախողված մրցելույթների շուրջ քննարկումները լղոզելու համար Ֆեդերացիան հայտարարեց, թե առաջիկայում Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում է անցկացնելու Բելառուսի հավաքականի հետ: Հետո նաև Ֆեդերացիայից տեղեկացրին, որ բացի այս հանդիպումից, մեկ այլ ընկերական խաղ ևս սպասվում է: Ընկերական հանդիպումներն անց են կացվում հավաքականը թիմային մարզավիճակի բերելու համար: Դրանք յուրատեսակ մարզման բնույթ ունեն ու անց են կացվում կարևոր պաշտոնական հանդիպումներից առաջ: Իսկ պաշտոնական հանդիպումներ՝ Հայաստանի հավաքականին սպասվում են մյուս տարի: Հետևաբար, Բելառուսի հետ հանդիպումը որևէ օգտակար գործողության գործակից չունի հավաքականի համար: Հավաքականի համար չունի, բայց Հայրապետյանի համար ունի՝ փրփուրներից կախվելով օրակարգից հրաժարականի թեման հանելու և ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնել շարունակելու հիմքով:
Ստելլա Խաչատրյան