Armtims.com-ը գրում է.
Մեր տեղեկություններով, Սաշիկ Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի մտերիմ ընկեր Սերոբ Սահակյանն ազատ է արձակվել:
Սերոբ Սահակյանն ու Վլադիմիր Շահինյանցը ՀՀ ազգային անվտանգության ծառայություն էին բերման ենթարկվել Նարեկ Սարգսյանին օժանդակելու կասկածանքով:
Ըստ ԱԱԾ-ի՝ քննչական գործողությունների արդյունքում հայտնի է դարձել, որ Նարեկ Սարգսյանը 2018 թվականի հունիսի 22-ին իր թիկնապահ Արտեմ Պետրոսյանի հետ մեկնել է Մոսկվա՝ այնտեղից որեւէ եվրոպական երկիր մեկնելու նպատակով, եւ մինչ ՀՀ տարածքը լքելը Սարգսյանն իր թիկնապահի միջոցով Սերոբ Սահակյանին է փոխանցել Երեւանի Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանի բանալին, իսկ արդեն հունիսի 25-ին, նույն թիկնապահի միջոցով Սահակյանին խնդրել է վերոնշյալ բնակարանում գտնվող երկու ճամպրուկները տեղափոխել այլ վայր:
Անձնական խուզարկության ժամանակ Վլադիմիր Շահինյանցի եւ Սերոբ Սահակյանի մոտ գտնվող ճամպրուկներում հայտնաբերվել եւ առգրավվել են կոկաին եւ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ, թվով 4 ատրճանակ, որոնցից մեկը խլացուցիչով, փամփուշտներ, անհայտ ծագման հաբեր, ապակյա եւ պլաստմասսայե խողովակներ՝ սպիտակավուն եւ սեւ հետքերով, կաթոցներ, որոնք ամենայն հավանականությամբ ծառայել են թմրանյութ օգտագործելու նպատակով եւ այլ իրեր: Մեր տեղեկություններով, այս գործով Սերոբ Սահակյանն այժմ ոչ թե կասկածյալի այլ՝ վկայի կարգավիճակ ունի:
Օրեր առաջ սույն քրեական գործով իրավապահներին էր ներկայացել հետախուզման մեջ գտնվող Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի որդու` Նարեկ Սարգսյանի թիկնապահը` Արտեմ Պետրոսյանը: Նա հունիսի 10-ին` Կրասնոդար-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից ներկայացել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն: Արտեմ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-ին մասով (մի խումբ անձանց կողմից ապօրինի զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, կրելը, կամ փոխադրելը) եւ ՀՀ ՔՕ 266 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից թմրամիջոցների իրացում): Սույն թեմայի շուրջ մեր հարցերին է պատասխանել թիկնապահի պաշտպան Հովիկ Արսենյանը:
- Պարոն Արսենյան, ձեր պաշտպանյալն առաջադրված մեղադրանքն ընդունո՞ւմ է, թե՞ ոչ, ի՞նչ դիրքորոշում է հայտնել:
- Իմ պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչել, ավելին՝ ներկայացրել է այլուրեքություն (ալիբի), փորձել է հիմնավորել, ապացուցել, որ առաջադրված մեղադրանքի հետ առնչություն մասնակցություն չունի: Տվել է մանրամասն ցուցմունք՝ ապացուցելով իր անմեղությունը:
- Ըստ ԱԱԾ-ի՝ Նարեկ Սարգսյանը Արտեմ Պետրոսյանի հետ մեկել է Մոսկվա՝ այնտեղից որեւէ եվրոպական երկիր մեկնելու նպատակով: Ձեզ հայտնի՞ է որ երկրի մասին է խոսքը:
- Չմոռանանք, որ այդ թմրամիջոցներն ու զենք-զինամթերքը հայտնաբերվել եւ առգրավվել են հունիսի 25-ին, իսկ Նարեկ Սարգսյանը իր թիկնապահի՝ իմ պաշտպանյալ Արտեմ Պետրոսյանի հետ Հայաստանից մեկնել է հունիսի 22-ից, այսինքն՝ դեռեւս նման մեղադրանքներ գոյություն չունեին: Միայն Մոսկվայում եղած ժամանակ հեռուստատեսությամբ Արտեմ Պետրոսյանին հայտնի է դարձել այս դեպքի մասին: Ինչից հետո վեճ է առաջացել Նարեկ Սարգսյանի հետ, ինքը հեռացել է նրանից ու կամովին ներկայացել է իրավապահ մարմիններին: Ինչ վերաբերում է որեւէ արտասահմանյան երկիր մեկնելուն, ապա այդպիսի որեւէ հանգամանք ինձ հայտնի չէ:
- Ասացիք, որ ձեր պաշտպանյալն ու Նարեկ Սարգսյանը վիճել են: Ձեր պաշտպանյալը տեղյակ եղե՞լ է, թե՞ ինչ կար այդ ճամպրուկների մեջ:
- Ամբողջ խնդիրը նրանում է, որ նա ընդամենը մտածել է, որ ամենօրյա օգտագործման հագուստներ են ճամպրուկի մեջ, այդպես է նա ենթադրել: Նույնիսկ հարցրել է՝ հո զիբիլ բան ման, արգելված իրեր չկա՞, Նարեկը պատասխանել է, որ ոչ նման բան չկա, այսինքն՝ ակնհայտ է, որ իմ պաշտպանյալը տեղյակ չի եղել ճամպրուկների պարունակության մասին: Ավելին պետք է ասեմ, որ երբ արդեն իրավապահ մարմինները այդ ճամպրուկները հայտնաբերել են եւ պարունակության մասին հայտնի է դարձել, հենց դրա շուրջ է, որ իմ պաշտպանյալը Նարեկ Սարգսյանի հետ վիճել է ու ասել, թե էս ի՞նչ պատմությունների մեջ ինձ գցեցիր եւ հեռացել է Մոսկվայից, գնացել Կրասնոդար եւ այդտեղից է ինձ հետ կապի մեջ մտել ու մի քանի օր անց ներկայացել իրավապահ մարմիններին: Թե Նարեկ Սարգսյանը Մոսկվայում քանի օր է մնացել, ո՞ւր պետք է գնար եւ այլն, բնականաբար, չէր կարող իմանալ:
- Ձեր պաշտպանյալը հայտնե՞լ է, թե ինչ նպատակով էին մեկնել Մոսկվա:
- Ոչ, ընդամենը իմ պաշտպանյալին նա (նկատի ունի Նարեկ Սարգսյանը,-հեղ.) ասել է, որ անհրաժեշտություն կա, պատրաստվիր, որ այսօր մեկնում ենք Մոսկվա: Իմ պաշտպանյալը ընդամենը հանձնարարություններ կատարող է կամ ենթարկվող:
- Արտեմ Պետրոսյանը մեղադրվում է նաեւ թմրամիջոցներ իրացնելու մեջ, փորձաքննություն նշանակվե՞լ է՝ պարզելու, թե նա թմրամիջոց օգտագործել է, թե՝ ոչ:
- Նա շատ լավ տպավորություն է թողել ինձ մոտ, շատ պատասխանատու, սառը դատող անձնավորություն է, երբեւէ չի օգտագործել թմրամիջոց, ընդհակառակը՝ ինքը առաջարկեց, որ կարող եք կենսաբանական նմուշները վերցնել՝ ճշտելու, պարզելու, թե արդյոք թմրանյութ օգտագործո՞ղ եմ, թե՝ ոչ: Շատ պատրաստ էր իր անմեղությունն ապացուցելու:
- Պարոն Արսենյան, ըստ ԱԱԾ հաղորդագրության, ձեր պաշտպանյալը բանալին հանձնել է Նարեկ Սարգսյանի մտերիմ ընկերոջը՝ Սերոբ Սահակյանին, որպեսզի նա գնա ճամպրուկները վեցնի, այսինքն՝ ձեր պաշտպանյալը չի՞ իմացել, թե իրականում ճամպրուկի մեջ ինչ է եղել:
- Այո, ամբողջ խնդիրը նրանում է, որ այստեղ հակասություն կա եւ դրա շուրջ առերես հարցաքննություն է կատարվել իմ պաշտպանյալի եւ Սերոբ Սահակյանի միջեւ:
-Ի՞նչ հակասության շուրջ է առերեսում կատարվել:
- Օրինակ այն մասով, որ իբր թե «Զվարթնոց» օդանավակայանում իմ պաշտպանյալ Արտեմ Պետրոսյանը այդ վարձակալած բնակարանի բանալին հանձնել է Սերոբ Սահակյանին: Իմ պաշտպանյալը դա հերքում էր եւ ասում, որ այդ բանալին եղել է Նարեկ Սարգսյանի մոտ կամ նրա տրամադրության տակ եւ ես չէ, որ հանձնել եմ այդ բանալին, այսինքն՝ այդ բանալին իմ պաշտպանյալի միջոցով չի հայտնվել Սերոբ Սահակյանի մոտ:
- Արտեմ Պետրոսյանը քանի՞ տարի է աշխատում որպես Նարեկ Սարգսյանի թիկնապահ:
- 4-5 տարի, որից երկու տարին է, որ այսպես ասած խմբի ղեկավար է եղել:
- Այսինքն՝ այլ թիկնապահնե՞ր էլ է Նարեկ Սարգսյանը ունեցել:
- Այո, իհարկե, եւս 4-5 հոգի են եղել, որոնց ղեկավարը Արտեմ Պետրոսյանն է եղել:
- Նրանք գրանցվա՞ծ աշխատողներ են եղել:
- Ոչ մեկը գրանցված չի:
- Նարեկ Սարգսյանի դեմ նոր հաղորդում է ներկայացվել մի տղամարդու առեւանգելու, ծեծի ենթարկելու համար: Ձեր պաշտպանյալն այս դեպքով անցնո՞ւմ է, իրեն հարցաքննե՞լ են սույն քրեական գործով:
- Այս դեպքի հետ կապված դեռեւս իմ պաշտպանյալի մասնակցությամբ քննչական գործողություն չի կատարվել, սակայն ես կարող եմ ասել, որ այդ անհայտ անձնավորությունը (հաղորդում ներկայացրած անձը,-հեղ.) պարտականություններ, պարտավորություններ ունի իմ պաշտպանյալի նկատմամբ:
- Ի՞նչ առումով:
- Այն առումով, որ իմ պաշտպանյալի գործողությունների արդյունքում է, ըստ էության, նրա կյանքը անվտանգ դարձել:
- Կարո՞ղ եք ավելի մանրամասն ներկայացնել:
- Քանի որ դեռ հարցաքննություն տեղի չի ունեցել, ես ընդամենը բավարարվեմ այսքանով: Իմ պաշտպանյալը այսպես կոչված առեւանգման ծեծի եւ այլնի հետ կապ չունի: