ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 24-ին ընդունել է Չինաստանի գործարար շրջանակի ներկայացուցիչներ Քուիու Հուինին, Ժան Յինին, Քուիու Ֆենգին և Չեն Ուեի Քինին: Հանդիպմանը մասնակցել են փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը, փոխվարչապետի օգնական Վիկտորյա Այդինյանը, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Տաթևիկ Ռևազյանը, «Բիզնես Արմենիա»-ի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը և առևտրի ու ներդրումների կառավարիչ Գայանե Մարտիրոսյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետի գրասենյակից:
Կողմերը քննարկել են զբոսաշրջության խթանմամբ ուղևորահոսքերի ծավալներն ընդլայնելու հնարավորությունները՝ այս համատեքստում կարևորելով զբոսաշրջիկների թվի ավելացման, վիզային ռեժիմի ազատականացման, օդային ուղիղ չվերթների կազմակերպման խնդիրները:
Քննարկվել է նաև Չինաստանից Հայաստան բեռնափոխադրումների, հայկական գյուղմթերքի և կոնյակի արտահանմանն առնչվող հարցեր: Խոսել են չինական սուպերմարկետները հայկական գյուղատնտեսական արտադրանքի սպառման շուկայում ներգրավելու հնարավորության մասին: Չինական կողմի ներկայացուցիչները հայտնել են, որ պատրաստվում են հանդիպել գյուղատնտեսությամբ զբաղվող ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ:
Փոխվարչապետը ներկայացրել հայ-չինական գործընկերային հարաբերությունների բնույթը, երկկողմ և բազմակողմ պայմանագրերով ստեղծված առևտրաշրջանառության խթանման հնարավորությունները, խոստացել Չինաստան այցելելու դեպքում առավել մարամասն անդրադառնալ համագործակցության խթանման խնդիրներին: